Նորություններ

«Բոլորը պատրաստվել էին գալու, բայց տոռմուզները քաշել, կանգ են առել». Գագիկ Ծառուկյան

«Մենք ասել ենք, որ հեղափոխությունից հետո անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Եթե մենք ուզում ենք ներգաղթ լինի, ապա պետք է ստեղծենք բարենպաստ պայմաններ։ Բոլորը պատրաստվել էին գալու, կարաք հարցնեք մեր սփյուռքահայերին։ Բոլորը տոռմուզները քաշել, կանգ են առել։ Բոլորը պատրաստ էին գալու, բայց տեսնելով, ասենք թե, աշխատատեղ չկա, հնարավորություն չկա, հիմա նորից դրել են օպտիմալացում»։

Ծառուկյանը դեմ է, երբ մեծ սփյուռք ունեցող երկրում կրճատում են այդ նախարարությունը, պնդելով, որ պետք է նախարարությունը գործեր ու հայրենադարձության նոր ծրագրեր իրականացներ։ «Մենք սփյուռքահայությանը պետք է համախմբենք, ծրագրեր իրականացնենք, հզորացում, զարգացում ունենանք։ Հարկավոր է համախմբվել, միասնական գործունեություն ծավալենք, որ այս վիճակից դուրս գանք»։

Ծառուկյանը հավելեց, որ առկա լարվածությամբ ու խնդիրներով է պայմանավորված, որ ավելի հաճախ է խորհրդարան գալիս, մտահոգ է երկրի ու ժողովրդի համար։

Անդրադառնալով նաև «Արարատ ցեմենտ» գործարանին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինչ-որ մեկի անձնական շահերի արդյունքն է։

«Ոնց կարաս ազատ մրցակցություն, ազատ մրցակցությունը, ձեր ցավը տանեմ, դու գնա ցեմենտ արտադրի, ես էլ գնամ նույն իմ գործարանում կլինկեր բերեմ մշակեմ, ավելի շահութաբեր, ավելի նորմալ»:

Հիշեցնենք՝ արդեն մի քանի օր է՝ «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցներն ընդդեմ աշխատատեղերի կրճատման բողոքի ակցիա են իրականացնում։

Back to top button
Close