Նորություններ

Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է բանակցությունների գնալ նախապայմաններով, դժվար է ակնկալել կոնֆլիկտի վերջնական լուծում. Մ. Հարությունյան

 

ԳԱԼԱ- ի հարցազրույցը քաղաքագետ Մովսես Հարությունյանի հետ։

Ադրբեջանական կողմը տապալեց ձեռք բերված երեք հրադադարի պայմանավորվածությունները: Ո՞րն է պատճառը, որ հակառակորդը չի պահպանում հրադադարները, այդ կերպ ի՞նչ խնդիր է լուծում ադրբեջանական կողմը:

-Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը և՛ պատերազմից առաջ, և՛ դրա սկսվելուց հետո բազմիցս հայտարարել է իրենց տեսլականի մասին, որոնք հեռու են կառուցողական լինելուց։ Նրանք չեն խուսափում անգամ ռազմական ճանապարհով արցախյան հարցը լուծելու մասին հայտարարելուց, ուստի միամտություն կլիներ սպասել, որ նախահարձակ երկիր Ադրբեջանը կարող էր համաձայնել հրադադարի հետ։ Հրադադարների փորձերին նրանց համաձայնությունը կրում է զուտ ձևական բնույթ, որպեսզի չստացվի, որ իրենք են հրաժարվում բանակցային կարգավորումից՝ փորձելով մեղքը բարդել Հայաստանի վրա՝ չներկայացնելով փաստական ապացույցներ։

Վարչապետը օրերս իր տեսաուղերձում խոսեց «ցավոտ փոխզիջումների» մասին, Ձեր կարծիքով՝ ի՞նչ էր ակնարկում վարչապետը:

Մովսես Հարությունյան

-Կարևոր է ճիշտ գնահատել ներսի և դրսի լսարանի համար արվող հայտարարությունները։ Վարչապետի ելույթում կային ուղերձներ, որոնք հստակորեն ուղղված էին արտաքին լսարանին և ուղղակիորեն կապված են բանակցային գործընթացի հետ։ Չմոռանանք, որ արցախյան ազատամարտից հետո ընթացող բոլոր բանակցությունների հիմքում դրված է եղել հենց փոխզիջման սկզբունքով համաձայնության հասնելը, և սա նորություն չէ։ ՀՀ վարչապետի կողմից փոխզիջմանը պատրաստ լինելու մասին հայտարարությունը ՀՀ-ի՝ կառուցողական դիրքերից հանդես գալու պատրաստակամության երաշխիքն էր, ոչինչ ավելին։

Նիկոլ Փաշինյանն օրերս նաև հայտարարել էր, թե հակամարտության հարցն այս փուլում չունի դիվանագիտական լուծում: Արդյո՞ք դա նշանակում է, որ կորսվել են բոլոր դիվանագիտական հնարավորությունները:

-Նիկոլ Փաշինյանի ասած անհնարինությունը պայմանավորված էր Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմամբ։ Ինչպես նշեց ՀՀ վարչապետը, դիվանագիտական լուծման անհնարինությունը վերաբերում է միայն այս՝ պատերազմական փուլին, և չի կարելի ասել, որ սպառված են դիվանագիտական լուծման բոլոր հնարավորությունները։ Տրամաբանական է, որ ոչ մի նյութական և մարդկային ռեսուրս չխնայող նախահարձակ երկիրը ակտիվ պատերազմի ֆոնին դժվար թե գա բանակցային սեղան ու փորձի հասնել հարցի դիվանագիտական լուծման։

Վաղը Ժնևում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Ի՞նչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից և մեր դիվանագիտական պատվիրակությունից:

-Հաշվի առնելով վերջին ձախողված բանակցային փորձերը՝ ենթադրելի է, որ ժնևյան հանդիպումը ևս լինելու է դրանցից հերթականը։ Քանի դեռ Ադրբեջանը շարունակում է բանակցությունների գնալ նախապայմաններով, դժվար է ակնկալել կոնֆլիկտի վերջնական լուծում։

Հայկական զինված ուժերը պետք է շարունակեն ռազմական հաջողություններ գրանցել պատերազմի դաշտում, որպեսզի կարողանանք Ադրբեջանին պարտադրել փոխզիջման սկզբունքը՝ գերակայություն ունենալով վերադառնալ բանակցային սեղան։ Մենք պետք է մեր հաջողություններով ապացուցենք, որ արցախյան կոնֆլիկտը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում։

 

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close