Նորություններ

«Այդ ճնշումների արդյունքն է, որ այսօր առաջին անգամ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է առանց նախապայմանների նստել բանակցային սեղանի շուրջ»

«Ըստ էության, հստակ է և՛ մեզ համար, և՛ միջազգային հանրության, և՛ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ, անդամ երկրների համար, որ Ալիևի և Էրդողանի, այսինքն՝ երկու ահաբեկչական երկրների հետ այլևս որևէ բան պայմանավորվել և բանակցել ուղղակի հնարավոր չէ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանը:

Իմքայլական պատգամավորի խոսքերով՝ ինչ-որ տեղ դիվանագիտական տեսանկյունից հայկական կողմի համար կարևոր էր, որ ևս մեկ անգամ արձանագրվեց, և միջազգային հանրությունը փաստացի տեսավ, որ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի ներկայացրած ադրբեջանցիների և հայերի հնարավոր համակեցությունը անհնար է.

«Մարդիկ, ովքեր պատրաստ են հիվանդանոց, ծննդատուն ռմբակոծել, երեխաներ սպանել և այլն, նրանց հետ համակեցությունը, նրանց հետ համագոյակցությունն ուղղակի անհնար է, և սա հստակ արձանագրվել է:

Կարծում եմ՝ հրադադարի 3 ձախողված փորձերը ի վերջո հասցնելու են նրան, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասկանան, որ այլ տարբերակ չկա, քան սանկցիաների և բավական լուրջ պատժամիջոցների կիրառումը:

Ես կարծում եմ, որ այդ ճնշումների արդյունքն է, որ այսօր առաջին անգամ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է առանց նախապայմանների նստել բանակցային սեղանի շուրջ»,- հայտարարեց Աբրահամյանը:

Վարչապետը օրերս իր տեսաուղերձում խոսեց «ցավոտ փոխզիջումների» մասին, ի՞նչ էր ակնարկում վարչապետը, և արդյոք մեր հանրությունը պատրաստ է այդ «ցավոտ փոխզիջումներին»:

Հարցադրմանն ի պատասխան Գայանե Աբրահամյանը հայտարարեց.

Գայանե Աբրահամյան

«Վարչապետը դա ասել էր մեր միջազգային գործընկերների համար, նրանց լսելի դարձնելու համար, որ մենք կոնստրուկտիվ ենք, և դրանք այն փոխզիջումներն են, որոնք բանակցվել են 30 տարիների ընթացքում նախկին նախագահների կողմից: Դրանք այն փոխզիջումների մասին է, որոնք Հայաստանի նախկին նախագահները բանակցային սեղանի շուրջ որոշակիորեն դիտարկել են որպես հնարավոր լուծում:

Այսօր այս իրավիճակում այդ լուծումը մեզ համար չի կարող հնարավոր լուծում դիտարկվել, որովհետև հասկանալի է, որ նախկինում քննարկված և նախկինում բանակցված փոխզիջումները այսօր ընկալելի չեն նաև Ադրբեջանի համար, քանի որ մեկ տարածքից հետո ուրիշ տարածք էլ է ուզում. ախորժակը մեծացել է: Այսօր մեզ համար խնդրի միակ լուծման տարբերակը Արցախի կարգավիճակն է, Արցախի անկախությունն է և անջատում հանուն փրկության բանաձևը:

Ես կարծում եմ, որ շատ կարևոր հայտարարություն էր արել Վլադիմիր Պուտինը՝ ասելով, որ պատերազմը տարածքային չէ, և այն սկսվել է Սումգայիթից:

Ես ինքս էլ տարիներ շարունակ ասել եմ, որ բանակցային սեղանին Արցախի հակամարտության ժամանակագրությունը սխալ տեղից է սկսվում. 1991-92թթ. ժամանակագրությունը դիտարկվել է, և դրա պատճառով է, որ հակամարտությունը դիտարկվել է որպես տարածքային խնդիր, մինչդեռ պատերազմը սկսվել էր Սումգայիթից:

Պուտինի այդ հայտարարությունը չափազանց կարևոր էր, որովհետև այսօր մենք խոսում ենք ցեղասպանության, էթնիկ զտումների մասին՝ մի բան, որը տեղի էր ունեցել հենց Սումգայիթում:

Այսօր մենք տեսնում ենք, որ համաշխարհային ընկալման մեջ, բոլոր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընկալման մեջ արցախյան հակամարտության խնդիրը, որպես այդպիսին, համատեքստը ամբողջությամբ փոխվել է՝ տարածքային խնդրից այն վերածվել է գոյամարտի, այն, ինչ մենք միշտ ենք ասել, վերջապես այդ ընկալումը առկա է:

Իշխանական պատգամավորը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ արցախյան հակամարտության հարցն այս փուլում չունի դիվանագիտական լուծում, հայտարարեց.

«Մենք հայտարարում ենք, որ կառուցողական ենք, պատրաստ ենք նստել բանակցային սեղանի շուրջ, բայց այն, ինչ պահանջում է հակառակորդը, այն, ինչ պահանջում է Ալիևը իր դիկտատուրան պահելու համար, մեզ համար անհնար է և անընդունելի: Դրա համար է, որ դիվանագիտական առումով այս դեպքում փակուղի է, և դրա համար է ասվում, որ մենք մարտի դաշտում պիտի ապացուցենք մեր լինելիությունը, և մարտի դաշտում մեր բանակն է, որ պարտադրելու է խաղաղություն, և այն, ինչ մենք հետագայում դիվանագիտական ճակատում ամրագրելու ենք և ամրապնդելու ենք կարգավիճակի և Արցախի անկախության պնդմամբ: Այսինքն՝ սա է լինելու մեր հիմնական պահանջը՝ բանակցային սեղանի շուրջ նստելուց, եթե նախկինում բոլոր տարբերակները՝ Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ և լավրովյան պլանը, որը մեզ համար այս դեպքում ընդունելի չէ, մեծ հաշվով բանակցությունները գնացել են տարածքների հանձնման և անորոշ կարգավիճակի պայմանով»,- նշեց պատգամավորը:

«Անորոշ կարգավիճակը հղի է Արցախի և ընդհանրապես հայաստանցիների չլինելու վտանգով: Դա է պատճառը, որ ասվում է՝ այս պահին չկա դիվանագիտական լուծում, որովհետև այն դիվանագիտական լուծումները, որոնք առաջարկում են, մեզ համար այս պահին ընդունելի չեն, բայց մենք էլի պատրաստ ենք գնալ նստել, խոսել և բացատրելի դարձնել, որ եթե Արցախը անկախություն չի ստանում, և եթե Արցախը չի անջատվում հանուն փրկության, մենք անվերջ կռվի մեջ կարող ենք հայտնվել»,- եզրափակեց Գայանե Աբրահամյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close