Նորություններ

ԱԺ-ն ընդունեց դրույթները, որոնցով թույլատրվում է պատերազմի ժամանակ քաղաքացիների գույքի առգրավումը

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեցին «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխությունները:

69 պատգամավոր միաձայն աջակցեց տվյալ օրենսդրական նախաձեռնությանը:

Օրենքի համաձայն՝ երկրում ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ժամանակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը կարող է օգտագործվել ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրների լուծման համար, եթե համապատասխան գույքը, որը գտնվում է պետության տիրապետման տակ, բավարար չէ:

Ընդ որում, եթե ՀՀ քաղաքացիների գույքը բռնագանձվի ռազմական կարիքների համար, ապա հնարավոր հասցված վնասը կփոխհատուցվի: Այսպիսով, եթե բռնագանձված գույքը ոչնչացվի, ապա սեփականատիրոջը կվճարվի համապատասխան փոխհատուցում: Իսկ եթե այն պետք է վերադարձվի վերանորոգումից հետո, ապա պետությունը կֆինանսավորի վերանորոգման աշխատանքները: Ընդ որում, փոխհատուցման չափն ու կարգը կորոշի կառավարությունը:

Գույքը, որը գտնվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրության տակ, կօգտագործվի՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակը, եւ եթե բանակը պետական գույքի պակաս ունենա:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտության դեպքում պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, տնտեսության, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտներում լիազորված պետական մարմինների ղեկավարները կամ նրանց լիազորված պաշտոնատար անձինք պետք է դիմեն անշարժ գույքի սեփականատիրոջը տվյալ գույքը նշված գերատեսչությունների օգտագործմանը փոխանցելու խնդրանքով:

Ընդ որում, գույքը չի բռնագանձվի ստիպողաբար եւ անհապաղ: Գույքի սեփականատիրոջը կտրամադրվեն բռնագանձման հիմնավորումները, եթե դրանք գաղտնիք չեն պարունակում:

Նշված կլինեն գույքը սեփականատիրոջը վերադարձնելու պետության պարտավորությունները, ինչպես նաեւ զգուշացում այն մասին, որ կամավոր հանձնումից հրաժարավելու դեպքում այն կարող է ստիպողաբար բռնագանձվել: Սակայն նույնիսկ այդ դեպքում սեփականատիրոջը պետք է հիմնավորում ներկայացնել (եթե այն գաղտնիք չի պարունակում):

Back to top button
Close