Նորություններ

«Պատերազմը մտել է նոր փուլ, և իհարկե, իմ խորին համոզմամբ, պետք է այս ամենի մեջ տեսնել թունելի վերջում երևացող լույս»

«Արցախյան պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմն ունի իր նպատակները: Ադրբեջանի նպատակը Արցախի հայությանը բնաջնջելն ու հայրենազրկելն է, իսկ Թուրքիայինը՝ պանթուրքիզմի գաղափարը կյանքի կոչելը: Թուրքիան շարունակում է իր նախորդների ծավալապաշտական քաղաքականությունը՝ Ադրբեջանի միջոցով ուզում է կրակից շագանակներ հանել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմաբան Աշոտ Մելքոնյանը:

Ըստ պատմաբանի՝ Թուրքիան նպատակ ունի վերջնականապես թաղել հայկական հարցը և հայ ժողովրդին՝ որպես էթնոս ժողովուրդ, ասպարեզից դուրս հանել:

«Պատահական չէ, որ Սևրի դաշնագրի 100-ամյակի կապակցությամբ, երբ հայկական կողմը նորից բարձրաձայնեց իր ժողովրդի երազանքներն ու իղձերը միացյալ Հայաստան ունենալու վերաբերյալ, Թուրքիան ամեն կերպ սատար կանգնեց Ադրբեջանին՝ նրա միջոցով իր դիվային ծրագիրն ավարտին հասցնելու համար»,- հայտարարեց Մելքոնյանը:

Մելքոնյանի կարծիքով՝ մարտերի դինամիկան ուսումնասիրելով կարելի է ասել, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հռետորաբանությունը փոխվել է.

«Նրանց բլից-կրիգի ծրագիրը ձախողվեց, Ադրբեջանը շարքից հանեց իր մոտոհրաձգային ուժերը, տանկերը, ավիացիայի մեծ մասը, թռչող սարքերը, որոնք արդեն խոցելի են դարձել հայկական կողմի համար: Հարավային հատվածում միայն դաշտավայրում որոշակի հաջողություններ արձանագրելուց հետո բախվեցին Լեռնային Ղարաբաղի աշխարհագրական գործոնին և հայ ժողովրդի լրջագույն դիմադրությանը, պատերազմը դրանով մտավ այլ փուլ և, իմ համոզմամբ, կամաց-կամաց գնալու է ինտենսիվության թուլացման, որովհետև Ադրբեջանի ռեսուրսներն անսպառ չեն. որքան էլ դրանք կառուցված էին օտար ուժերի օգնության վրա, դրանք էլ ի վերջո սպառվելու վրա են: Այդ իմաստով պատերազմը մտել է նոր փուլ, և իհարկե, իմ խորին համոզմամբ, պետք է այս ամենի մեջ տեսնել թունելի վերջում երևացող լույս:

Մենք պետք է հասկանանք, որ պատերազմի այս փուլում ևս լրջագույն անելիքներ ունենք, եթե ինչ-որ բան կորցրել ենք, պիտի վերադարձնենք և տրամաբանորեն պահպանենք մեր ապրելու իրավունքը, այն է՝ ազատ, անկախ Արցախ ունենալու մեր երազանքը»:

Պատմաբանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից 3 հրադադարների խախտմանը, հայտարարեց.

«Ադրբեջանի հրադադարների խախտումը հանգամանք է, որը զայրացնում է 3 համանախագահներին:

Այսինքն՝ Ադրբեջանը, ստանալով Թուրքիայի, մասնավորապես Էրդողանի աջակցությունը, որը փաստորեն ավանտյուրայի է նմանվում, տխմարաբար կատարում է նրա ցուցումները՝ խախտելով զինադադարը, հրադադարը, նորանոր տարածքներ գրավելու ակնկալիքով։

Պատերազմի շարունակության յուրաքանչյուր օրը շատ ծանր է նստում Ադրբեջանի վրա, որովհետև մարտական գործողությունները մոտեցել են ընդհուպ Լեռնային Ղարաբաղի սահմաններին, որտեղ անտառածածկ և լեռնային հատվածներում զոհերը շատ ավելի մեծ են, և այստեղ Ադրբեջանը մարդուժի կորուստ է կրելու, որովհետև այստեղ տանկեր չունեն և այդ տանկերը չեն էլ աշխատելու, թռչող սարքերն էլ անտառային պայմաններում չունեն այն նույն արդյունավետությունը, ինչ ունեին դաշտավայրում»,- ընդգծեց Աշոտ Մելքոնյանը:

Պատմաբանի կարծիքով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը երբևէ այդքան մոտ չի եղել, որքան հիմա.

«Ուզենք թե ոչ, այստեղ գործում է Կոսովոյի այդ նույն տարբերակը։ Հիշենք, թե ինչու ճանաչեցին Կոսովոյին՝ մեղադրելով սերբերին, որ իրենք իրականացրել են էթնիկական զտում կոսովոցիների նկատմամբ, և էթնոկրոնական այդ հանրույթը բնաջնջման վտանգի առաջ է կանգնած, և այդ պատճառաբանությամբ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները սկսեցին մեկը մյուսի հետևից ճանաչել Կոսովոն:

Տրամաբանորեն խնդիրը գալիս է դրան, գրեթե բոլոր կողմերը, հատկապես Ռուսաստանը, Ֆրանսիան ընդգծեցին, որ այստեղ էթնիկական ցեղասպանության վտանգ կա, և ամեն կերպ պետք է կասեցնել այդ գործընթացը, և այդ գործընթացը կասեցնելու ձևերից մեկը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է:

Դրա համար էլ մեր դիվանագիտական կորպուսը ամեն ինչ պետք է անի, որ աշխարհի մոտ կամաց-կամաց ձևավորվի այն մտայնությունը, որ ցեղասպանությունից Արցախի հայությանը փրկելու ձևը նրա պետականությունը միջազգայնորեն ճանաչելու մեջ է»,- եզրափակեց պատմաբանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close