Նորություններ

«Մի՛ եղեք այդքան մեծամիտ եւ ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինյանին». Ն.Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին

Ազգային ժողովը դեմ է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերն ԱԺ լիագումար նիստում ընդգրկելու առաջարկը։ 

Նշենք, որ նիստը բավականին լարված մթնոլորում է ընթացել: Պատգամավորները միմյանց մեղադրել են պոպուլիզմով զբաղվելու մեջ: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին, ով անհեթեթ է որակել ԲՀԿ ներկայացրած առաջարկները: Զոհրաբյանը նշել է, որ նրանք պետք է տարրական բարոյականություն եւ համեստություն ունենան, որպեսզի նման գնահատականներ չտան: 

«Արդեն եկել է անկեղծության պահը»,-ասել է Զոհրաբյանը եւ դիմել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին. «Մի քիչ համեստը եղեք: Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, եթե չլիներ Սասուն Միքայելյանը եւ եթե չլինեին մեկ-երկուսը, ես ուզում եմ հարցնել՝ որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը: Հաստատ ոչ այս դահլիճում»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ հորդորել է պատգամավորներին մարդկանց անընդհատ չվախեցնել «հակահեղափոխության ուրվականով»: 

«Մի ամբողջ խմբակցության նախագծի տրվում է անհեթեթ որակում…Մի՛ եղեք այդքան մեծամիտ եւ ամեն օր պարտական եղեք Նիկոլ Փաշինյանին եւ եւս մեկ երկուսին, որ դուք այսօր այստեղ ուղղակի նստած եք»:

Back to top button
Close