Նորություններ

«Այս պահի դրությամբ ոչինչ չի կարող ազդել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, առանձնապես որևէ քայլի դիմելու հնարավորություն էլ չկա». Սուրեն Սարգսյան

«Կարծում եմ, որ Միացյալ Նահանգները ոչ մի քայլի չի դիմի, որովհետև առանձնապես որևէ քայլի դիմելու հնարավորություն էլ չկա: ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների եռանախագահների ջանքերով ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հրադադարի վերաբերյալ, երեք անգամ անտեսվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, և ես չեմ կարծում, որ միջնորդները այս պահի դրությամբ կարող են ազդել թուրք-ադրբեջանական տանդեմի գործողությունների վրա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ ոչինչ չի կարող ազդել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, որովհետև եթե Մինսկի խմբի համանախագահները, պետությունները իրենց հեղինակությունը դնում են, և Ադրբեջանն ու Թուրքիան այդ հեղինակությունը ոտնահարում են, բնականաբար որևէ բան հնարավոր չէ անել»,- հայտարարեց միջազգայնագետը:

Հրադադարի տապալումը արդյո՞ք փաստում է վարչապետի այն հայտարարությունը, որ այս փուլում Արցախի հակամարտությունը դիվանագիտական լուծում չունի։

Հարցադրմանն ի պատասխան՝ Սարգսյանը նշեց. «Խոսքը գնում է ոչ թե այն մասին, որ արցախյան կոնֆլիկտը դիվանագիտական լուծում չունի, այլ խոսքը գնում է այս պահին ձևավորված իրավիճակի մասին, բայց բանակցել պետք է, և այս խնդրի համար պետք է գտնել դիվանագիտական լուծման բոլոր հեռանկարները»,- շարունակեց նա:

Քաղաքագետները, վերլուծաբանները շեշտում են, որ Արցախի ճանաչումը առաջնային հարց է և կարող է դառնալ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան զսպող գործոն: Դիտարկմանը Սարգսյանն արձագանքեց.

«Ես չեմ կարծում, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը կարող է լինել թուրք-ադրբեջանական տանդեմի համար զսպող մեխանիզմ, ասեմ ավելին՝ նույնիսկ միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչումը չի կարող գործոն լինել, որովհետև Արցախի անկախության ճանաչում չի նշանակում թուրք-ադրբեջանական ռազմական գործողությունների դադարեցում»,- ընդգծեց Սուրեն Սարգսյանը:

Միջազգայնագետն, անդրադառնալով հայկական սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգություններին, ասում է, որ իրեն զարմացնում է այն հանգամանքը, թե ինչու մինչ օրս Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, այն դեպքում, երբ թե՛ Տավուշը, թե՛ Վարդենիսը այս ընթացքում Ադրբեջանի կողմից արդեն իսկ գնդակոծվել են:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ջանքերով (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվել էր պայմանավորվածություն՝ մարդասիրական հրադադարի ռեժիմ հաստատելու համար: Երեք հրադադարի ռեժիմներն էլ տապալվեցին ադրբեջանական կողմի կոպիտ խախտումների հետևանքով:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close