Նորություններ

«Քողարկիչ պատրաստի ցանցերից արդեն ուղարկել ենք. նաեւ թղթի թափոններ ենք հավաքում, որպեսզի կարողանանք թուղթն էլ դարձնել «զենք»»

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ պատերազմը բոլորին համախմբել է մեկ գաղափարի շուրջ: Ահել-ջահել, կին թե տղամարդ, բոլորը լծված են հայրենիքի պաշտպանությանը. մի մասը հայոց սահմաններն է պաշտպանում, մյուսներն էլ թիկունքն են պահում:

Գյումրու թիվ 1 դպրոցը հայրենիքի պաշտպանությանը միացել է թե՛ սահմանին, թե՛ թիկունքում:

«Արդեն երկու շաբաթ է զբաղված ենք քողարկիչ ցանցեր պատրաստելու աշխատանքներով: Մտահղացումը տնօրենինն էր, բոլորս միանգամից համաձայնվեցինք ու լծվեցինք գործին: Սկզբում մեր դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն էին, այնուհետև մեզ միացան կամավորներ տարբեր հաստատություններից: Քողարկիչ պատրաստի ցանցերից արդեն ուղարկել ենք, առաջիկայում ևս կուղարկենք: Սա այն չնչինն է, որ կարող է օգուտ տալ բանակին: Անում ենք այն, ինչ կարող ենք, որպեսզի հզոր բանակին հզոր թիկունք լինենք: Նաև թղթի թափոններ ենք հավաքում, որպեսզի կարողանանք թուղթն էլ դարձնել «զենք»»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշխատակից, կամավորական աշխատանքները համակարգող Լուսինե Ղամբարյանը:

Ըստ նրա՝ սկզբում դժվար էր կտոր գտնելը, բայց հետո տարբեր տրիկոտաժի արտադրամասեր միացել են իրենց նախաձեռնությանը:

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվում է թղթի թափոնի հավաքում (մակուլատուրա), որից ստացված հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «թուղթը զենք է» կարգախոսով:

«Ովքեր ուզում էին այս ձևով բանակին և զինվորին օգնել, իրենց թղթերը կամ գրքերը որպես թղթի թափոն բերեցին և հանձնեցին մեզ, հասույթը փոխանցելու ենք հիմնադրամին: Թղթի յուրաքանչյուր գրամ դառնալու է գումար, և չպետք է ամաչել, որ երկու թուղթ կամ 1 կգ թուղթ ենք բերել, որովհետև անգամ 1 գրամ թուղթը դառնալու է փամփուշտ, որը անհրաժեշտ է պատերազմական իրավիճակում:

Իմ կարծիքով՝ սա շատ լավ նախաձեռնություն է, քանի որ հիմա սահմանին կանգնած են այն զինվորները, ովքեր իրենց գիրքը, գրիչը փոխարինել են զենքով և հայրենիքն են պաշտպանում և մեր խաղաղ կյանքն են ապահովում: Յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ներդրումն ունենալ հայրենիքի պաշտպանության գործին թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում»,- ասում է թիվ 1 ավագ դպրոցի աշակերտուհի Հրանուշ Գևորգյանը:

Հրանուշն ասում է, որ իրենց նախաձեռնությունը անպայման վարակիչ է լինելու նաև մյուսների համար, որովհետև իրենք էլ ուրիշներից են վարակվել:

Մեկ այլ աշակերտուհի էլ ասում է, որ հենց լսել է նախաձեռնության մասին, որոշել է, որ պիտի մասնակցի թիկունքի աշխատանքներին.

«Կամավորությունը յուրաքանչյուրիս համար պարտավոր աշխատանք է այս օրերին: Մենք մեր եղբայրների և հայրերի համար պարտավոր ենք ինչ-որ բան անել: Թիկունքն էլ մեր առաջնագիծն է, և յուրաքանչյուրս պարտավոր ենք ամուր պահել թիկունքը»,- ասում է Քրիստինե Հովհաննիսյանը:

Թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ ինքնաբուխ եղավ:

«Կոնկրետ չէինք մտածում, որ պետք է հենց քողարկիչ ցանցեր պատրաստենք: Առաջին օրվանից փորձում էինք ինչ-որ բանով բանակին օգտակար լինել, առաջին իսկ օրից ձեռքներս ծալած չենք նստել ո՛չ ուսուցիչներս, ո՛չ աշակերտական խորհուրդը: Այսպես փորձում ենք բանակի մատից փուշ հանել:

Մեր նախաձեռնություններից կարևորում եմ նամակները, յուրաքանչյուր ծանրոցի մեջ մի նամակ էինք դրել՝ շնորհակալության, հպարտության, ոգեկոչման խոսքեր էին, և շատ ուրախալի էր, որ այդ նամակները կարդալու պահին զինվորները նկարել էին, և հետո դրանք հետ եկան:

Հաջորդ նախաձեռնությամբ կսկսենք տաք գլխարկներ գործել զինվորների համար: Տա Աստված՝ խաղաղություն լինի, և տղաները գլխարկները կրեն ուրախ սրտով և խաղաղ պայմաններում»,- եզրափակեց Նաիրա Թադևոսյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close