Նորություններ

Մեղրու զորամասի կարգազանցության գործով մեղադրանք է առաջադրվել մի շարք զինծառայողների

Մեղրու զորամասում կարգազանցության եւ անհնազանդության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում դատախազի ցուցումով մեղադրանք է առաջադրվել մի շարք զինծառայողների։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ Վերջինիս խոսքով՝մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց կողմից  զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ։

Նշենք, որ այս արարքը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին հրամանատարի օրինական պահանջները հիմնական մասով կատարելու վերաբերյալ զինծառայողները ըմբոստացել էին, քանի որ մեկ-երկու զինծառայող գողական բարքերով փորձել էր  ընդդիմանալ գործող կարգին։ 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սյունիքի զորամասերից մեկում կարգազանցության եւ անհնազանդության դեպք է գրանցվել. «ՀՀ զինված ուժերում կարգազանցությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել»,- նշված էր հայտարարության մեջ:

«Փաստինֆո»-ն հայտնել էր, որ հիշյալ դեպքի առթիվ մարտի 23-ին Դատախազությունում հարուցվել էր երկու քրեական գործ։ Առաջին գործը հարուցվել էր ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով։ Առաջինը մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելն է, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը։

Գործը ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան

pastinfo.am

Back to top button
Close