Նորություններ

Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեի գլխավորած պատվիրակությունը ոկտեմբերի 27-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ դասախոս Միքայել Մանրիկյանն ու կենտրոնի աշխատակիցը հյուրերին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել առկա ժամանակակից սարքավորումները, որոնք նպաստում են վիրավոր զինծառայողների արդյունավետ վերականգնմանն ու լիարժեք ապաքինմանը:

«Ֆրանսիայի Սենատի անդամին ներկայացվեց նաև Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։

Բարեկամ երկրի՝ Ֆրանսիայից, ժամանած հյուրերը տեղեկացան, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մի շարք նվիրյալների ու բարերարների համատեղ ջանքերով:

Սենատի անդամ Ստեֆան Ռավիեին տեղեկացվեց նաև, որ «Զինվորի» տանը բուժում են ստանում ինչպես Արցախյան (1988-1994թթ.) առաջին պատերազմում, այնպես էլ Ապրիլյան (2016թ.) և 2020 թվականի պատերազմների ընթացքում վիրավորում ստացած զինվորները:

Ֆրանսիայի սենատոր Ստեֆան Ռավիեն տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Սենատի անդամին հաճելիորեն զարմացրեց նաև այն փաստը, որ մինչ այս պահը որևէ COVID-19-ի դեպք չի արձանագրվել վերականգնողական կենտրոնում։

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի սենատի անդամ Ստեֆան Ռավիեն վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Back to top button
Close