Նորություններ

Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երկրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների եւ դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ եւ ուղարկել բազմաթիվ միջազգային կառույցների:

Երկրորդ զեկույցում զետեղվել են Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 16-25-ն արձանագրված փաստերը հայ ռազմագերիների եւ դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ: Փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերում տարածված ու խրախուսվող վարքագիծ է հայ զինծառայողների մարմինների ու ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը եւ դրա դրսեւորումների հրապարակայնացումը: Այդ վարքագիծը մեծապես սերվում է Ադրբեջանում երկար տարիներ պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությունից:

Հաշվի առնելով, որ այդպիսի դեպքերի մասին վկայող ապացույցները ավելի քան բավարար են, որոնց մի մասը հրապարակվել է նաեւ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ու կազմակերպությունների կողմից, ինչպես նաեւ այդ կոպտագույն իրավախախտումների շարունակական ու համակարգային բնույթը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է միջազգային հանրության պարտավորությունը պատշաճորեն արձագանքելու նման դեպքերին եւ իր ունեցած գործնական լծակներով կանխարգելելու հետագա հնարավոր ոճրագործությունները:

Back to top button
Close