Նորություններ

«Հեռախոսս ձեռքից գցեց գետնին, հաջորդ օրը իմ սիրած կոնֆետներից էր բերել. մտածում եմ, որ հիմա հեռախոսս չաշխատի՝ մեկ է կպահեմ». դասընկերուհին՝ շիրակցի հերոսի մասին

Արցախյան գոյամարտում քաջաբար ընկած Արման Քոչարյանը Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից էր: Արմանը ժամկետային զինծառայող էր, երկու ամսից ավարտելու էր պարտադիր ժամկետային ծառայությունը: Ավագ սերժանտ Արման Քոչարյանը մինչ զոհվելը արժանացել է «Արիության համար» մեդալի, բայց տանը չէր ասել, որ անակնկալ անի, բայց մի քանի օր անց զոհվեց:

Գյումրու թիվ 3 դպրոցում՝ Արման Քոչարյանի դասարանում հերոսի դասընկերներից յուրաքանչյուրն իր պատմությունն էր պատմում Արմանի մասին, արցունքն ու ժպիտը միախառնվել էին: Համադասարանցիներն ասում են՝ Արմանին դասարանում պարոն Քոչարյան էինք ասում. դե գիտեինք, որ նախագահ է դառնալու կամ մեծանուն մարդ:

Համեստ, ուժեղ, հումորով. շիրակցի հերոսին հենց այս բառերով են նկարագրում: Պատմում են, որ շատ խելացի էր (ամենաշատ ժամանակը մաթեմատիկային և ֆիզիկային էր նվիրում): Սիրում էր ֆուտբոլ, անգամ դասարանում թղթե գնդակով ֆուտբոլի «առաջնություն» էր դասամիջոցներին կազմակերպում:

«Արմանս ընդհանուր հոսքում էր սովորում, ես իրենց դասարանին ֆիզիկա եմ դասավանդել: Ավարտական տարվա վերջին ամիսներին Արմանենց դասղեկն եմ եղել։ Չափից դուրս ընկերասեր էր, համեստ, անվախ, նախանձելի որակներով մարդ էր: Բաց մարդ էր. էմոցիաները կարող էր արտահայտել: Կյանքում թույլ չէր տա, որ իրեն նկատողություն անես: Մի անգամ բարկացել էի վրան ու ես ավելի շատ էի ազդվել դրանից (հետո համոզում էի, որ հետս բարիշեր): Շատ պատասխանատու մարդ էր…

Չարաբաստիկ դեպքից ընդամենը 2 օր առաջ Արմանիս հետ խոսեցի: Ձայնը հոգնած էր, բայց հույս էր տալիս՝ լավ է լինելու, ընկեր Հակոբյան, շուտով գալու եմ, որ մեր հաղթանակը տոնենք: Ինձ ընկեր Հակոբյանս էր ասում, իմ լավ դասղեկ:

Ամսի 23-ին իմացանք, որ վիրավորվել է, տարել են հիվանդանոց… բայց իրականում երևի հենց տեղում էլ մահացել է»,-պատմում է Արման Քոչարյանի դասղեկը՝ Արմինե Հակոբյանը:

Արմանին ծառայությունը շատ էր փոխել, դասղեկն ասում է, որ երբ հետը խոսում էի, զգում էի՝ մի տասը տարով հասունացել է:

«Արմանը մեր դասարանի ուրախությունն էր, հումորով էր շատ. անգամ ամենախիստ ուսուցիչները սովորել էին Արմանի հումորներին: Ընկերասեր էր, օգնում էր բոլորին ու կապ չուներ՝ մոտ էր հետը, թե ոչ: Ես չեմ էլ կասկածում, որ Արմանը հազարավոր կյանքեր է փրկել, վիրավոր ոտքով ծառայակից ընկերոջն է փրկել ու քաջաբար զոհվել. ես Արմանից ուրիշ բան չէի էլ սպասում, իր էությունը այդպիսին էր, ու ես իրան այդպես եմ հիշում:

Պատմության դասերին, երբ քառօրյա պատերազմի մասին էինք անցնում, Արմանը ոգևորված էր խոսում հերոսների մասին, ու հիմա էլ մյուս երեխաները Արմանի մասին կպատմեն: Հերոս դարձավ, ու երջանիկ է այն սերունդը, որ լսելու է Արմանի մասին. նա յուրահատուկ մարդ էր, իր նման մարդ ես չեմ տեսել:

Արմանի սոցցանցի էջի նկարներ էի նայում, նկար ունի, Դրաստամատ Կանայանի (Դրոյի) նկար է սարքել ու գրել՝ մեր հերոսները. ինչ իմանար, որ ինքն էլ է հերոս դառնալու»,- ասում է Արմանի դասընկերուհին՝ Մարիա Հովհաննիսյանը:

Արման Քոչարյանի մյուս դասընկերուհին՝ Լալա Արշակունին, պատմում է. «Երբեք Արմանին տխուր չեմ տեսել. ինչքան էլ խնդիրներ ունենար, երբեք դասարան չէր բերում իր խնդիրները:

Գնացել էինք մեր վերջին զանգի վինետկայի համար նկարվելու, հեռախոսս մեկ ամիս առաջ էի գնել. վերցրեց, որ նկարվի, ձեռքից գցեց գետնին: Հաջորդ օրը իմ սիրած կոնֆետներից էր բերել ու ասում էր՝ հանկարծ լաց չլինես, հեռախոսդ անպայման կսարքենք: Մտածում եմ, որ հիմա հեռախոսս չաշխատի՝ մեկ է կպահեմ:

Ես վստահ եմ, որ մեր դասարանից չի լինի մեկը, որ Արմանի մասին անցյալով կխոսի, որովհետև իրավունք էլ չունենք: Արմանը միշտ մեզ հետ է, ու վստահ եմ, որ մեր տղերքը ծառայելու են և բոլորը հետ են գալու, որ բոլորս միասին գնանք Արմանի մոտ, Արմանին «տեսնելու»:

Շատ երազանքներ ուներ. Վլադիմիրի՝ մեր մյուս դասընկերոջ հետ որոշել էին Երևանում բիզնես հիմնել: Ես վստահ եմ, որ Վլադիմիրը Արմանի փոխարեն էլ ամեն ինչ անելու է, որ Արմանին չհիասթափեցնի:

Արմանը ինձ ավելի շատ ազգանունով էր դիմում, քան անունով: Դիմացս էր նստում ու դասի ամեն պահին կարող էր դառնալ ու ասել՝ Արշակունի, պիտի քեզ թենիսով 6-0 հաղթեմ: Ես էլ կատակով ասում էի՝ հա, դու երազիր, որ կկարողանաս հաղթել ինձ»,- պատմում է Արմանի դասընկերուհին:

«Արմանը մարդ էր, ում հետ կարելի էր ամեն ինչի մասին խոսել: Չեմ հիշում մի դեպք, որ որևէ մեկին նեղացրած լինի: Ես գիտեի, որ Արմանը պիտի նախագահ դառնա ու ես լրագրող պիտի լինեմ, ով իրենից հարցազրույց կվերցնի: Պարոն Քոչարյան էի ասում…

Հիշում եմ՝ մի անգամ ռուսաց լեզվի դասին ազգային խորհրդանիշների մասին էինք անցնում, Արմանը իրենց գյուղի լավաշն ու պանիրն էր բերել, իր ձեռքով բրդուճներ սարքեց ու բաժանեց բոլորիս:

Ինձ համար Արմանը կենդանի է, ինքը միշտ կա»,- պատմում է Լիլիթ Այվազյանը:

Արմանի մասին խոսելիս դասընկերները հայացքով շրջվում են այնտեղ, որտեղ հերոսն է նստել, որտեղ Արմանն է կանգնել, ասում են՝ Արմանի հայրենասիրությունը սահման չուներ. դա կարելի էր զգալ պատմության դասերի ժամանակ. Արմանը բոլոր առարկաներն էր սիրում, բացի կենսաբանությունից:

Պատմում են, որ մաթեմատիկան ու ֆիզիկան էր շատ սիրում: Արման Քոչարյանը ՇՊՀ-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ֆակուլտետի ուսանող էր:

Արման Քոչարյանի դասընկերների խոսքերով՝ հերոսի համադասարանցի լինելը հպարտություն է, բայց դրան զուգահեռ պարտավորվածության զգացումն է մեծ:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close