Նորություններ

Կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, հարցեր եմ դրել նրա առաջ. Նիկոլ Փաշինյան

«Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել»,- ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացմամբ  «հրադադարի ճակատագրի» ու երեք անգամ խախտումների մասին սկսեց պատմել  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ապա ասաց, որ, թեև  չգիտի, թե  ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և նախագահների արձագանքը դրան, միևնույն ժամանակ վստահեցրեց, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարը պահպանվի:

«Ըստ էության, Պաշտպանության բանակը՝ Լեռնային Ղարաբաղի, առավոտից շատ զսպված է եղել, բայց այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին, ըստ էության, կարող են արձանագրել, որ հրադադարը տեղի չի ունեցել: Չհաջողվեց արդեն երրորդ անգամ պահպանել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց նախկին՝  Մինսկի խմբի եռանախագահող երկրներից ՌԴ-ի և Ֆրանսիայի  նախագահների միջնորդությամբ նախաձեռնած հրադադարների չստացված օրինակները, ըդգծեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան շնորհավորանքը՝ ուղղված իրեն ու Ադրբեջանի նախագահին՝  հրադադարի ձեռքբերման կապակցությամբ:

«Մենք, իհարկե, դեռ չգիտենք, թե վերջին նախաձեռնության հեղինակ ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի ձախողմանը, տապալմանը, բայց ես ուզում եմ ասել, ճիշտ է, չգիտեմ՝ հաղորդագրություն եղե՞լ է, թե՞ չէ, բայց կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և իրեն ուղիղ ասել եմ՝ քանի որ սա  իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար՝ արդեն երրորդը, ես կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Ասել եմ, որ վաղը մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի, և մեծ հավանականությամբ Ադրբեջանը կասի, որ հայկական կողմն է հրադադարը խախտել, և այլն, և այսպես շարունակ:

Բայց հիմնական հարցը, որ ես դնում էի ԱՄՆ պետքարտուղարի առաջ, հետևյալն էր. ա. եթե հրադադարը տեղի չունենա, ինչպե՞ս ենք պարզելու, թե ով է դրա մեղավորը, և երկրորդը. ի՞նչ հետևանքներ է ունենալու հրադադարի խախտումը այն խախտող կողմի համար: Ես, իհարկե, հիմա կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարն իմ այդ հարցերին, ես հույս ունեմ, որ այս հարցերի պատասխաններն այսօր արդեն, քանի որ Միացյալ Նահանգներում լուսանում է, արդեն լուսացել է, արդեն գործնականում աշխատանքային օրը ամբողջությամբ մտել է ուժի մեջ, ես  հույս ունեմ՝ Միացյալ Նահանգները և նախագահ Թրամփը կպատասխանեն, կամ Միացյալ Նահանգները, պարտադիր չի, պաշտոնական ներկայացուցիչը հարցին՝ ա) արդյո՞ք իրենք պարզեցին, թե ով է խախտել, ո՞ւմ գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, և եթե պարզեցին՝ ի՞նչ հետևանքներ է դա ունենալու հրադադարը խախտած կողմի համար: Եվ սա կարծում եմ՝ շատ կարևոր է, կարևոր է նաև հասկանալու համար, թե հիմա, այսօր մենք ինչ և ինչպիսի աշխարհում ենք ապրում:

Հիմա, եկեք մտածենք հետևյալը: Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները, նախագահների ջանքերը հրադադար հաստատելու, առայժմ միայն հրադադար հաստատելու և հարցի դիվանագիտական լուծում գտնելու, անցնում են ապարդյուն: Ընդ որում, ես ուզում եմ ասել, խնդրում եմ՝ հանկարծ որևէ մեկը չկասկածի և՛ ՌԴ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների նախագահների անկեղծությանը հրադադար հաստատելու: Այսինքն, երեք նախագահներն ամենայն անկեղծությամբ  են ուզում  հրադադարը հաստատվի, ամենայն անկեղծությամբ, առանց որևէ տոկոսի կասկածի, էսպես ասած, ես սա կարող եմ ասել: Եթե այլ բան չասենք, եթե էս թեմայով, որովհետև ես նկատեցի, ինձ ասեցին, որ էս թեմայով էլ քննարկումներ կան, թե ինչքանով են անկեղծ նախագահների ջանքերը: Եկեք պարզ տրամաբանությամբ գնանք: Այդ երկրների, այդ տերությունների ղեկավարները իրենց պատասխանատվությունն են, իրենց անունն են դնում այդ հրադադարի ջանքերի տակ: Այսինքն՝ ուրիշ բան, որ հաշվի չառնենք, միայն այս փաստը հասկանալի է, պարզ է՝ հասկանալու համար, որ նախագահները իսկապես, անկեղծորեն են ուզում հասնել հրադադարի:

Հիմա Միացյալ Նահանգների դեպքում էս հարցը ավելի է սրվում, որովհետև Միացյալ Նահանգներում հիմա նախընտրական արշավ է  և, ըստ էության, հիմա խոսքը գնում է միջազգային իրավիճակի վրա ազդելու՝ նախագահ Թրամփի, էսպես ասած, կարողությունների վրա, որը կարող է պոզիտիվ առումով, պոզիտիվ ազդեցություն ունենալ ընտրարշավի վրա, նեգատիվ դեպքում կարող է նեգատիվ լինել: Իհարկե, մենք պետք է դեռ սպասենք նախագահ Թրամփի կամ Միացյալ Նահանգների արձագանքին այս իրավիճակին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ապա վարչապետը հարց բարձրացրեց: Եթե ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, սա ի՞նչ եզրակացության կարող է բերել մեզ:

«Եթե այդպես է, սա նշանակում է, որ մենք հենց հիմա ապրում ենք բոլորովին նոր, լրիվ ուրիշ աշխարհում, և պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ աշխարհը:

Բայց մյուս կողմից՝ նաև ուզում եմ արձանագրել, որ սա ուղղակի միտք է, ես չեմ պնդում, որ այդպես է, որովհետև դեռ հույս ունենք, որ երեք նախագահների ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան: Բայց, որ այս պահին ունենք այս իրավիճակը, փաստ է»,- իր հնչեցրած հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Back to top button
Close