ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Այո, աշխարհն ակնհայտորեն հապաղում է, բայց աշխարհը նաև չգիտի՝ ինչ անել Թուրքիայի հետ, որը ոչինչ չի կորցնում, այլ միայն շահում է»

Միացյալ Նահանգներից որևէ ակտիվ գործողություն մենք չենք կարող սպասել. պատճառը այնտեղ սպասվող նախագահական ընտրություններն են և վերնախավի ուշադրությունը ընտրական գործընթացների վրա: Թե հետագայում ինչ քաղաքականություն կիրականացնի այդ երկիրը, կախված կլինի նրանից, թե ով կընտրվի ԱՄՆ նախագահ: Այս կարծիքին է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Մենք պետք է շատ մեծ շտապողականություն մեր ակնկալիքներում չունենանք, որովհետև գիտենք, որ ԱՄՆ նախագահը, եթե իհարկե փոխվելու է, իր պաշտոնավարումը կսկսի հունվարից: Այսինքն, ամեն դեպքում մենք մնում ենք այն համոզման, որ այս պահին աշխարհին երես փրկելու հնարավորություն այս հարցում տալիս է միայն մեր հայկական բանակը: Եվ մենք արդեն դրա համար բավականին շատ ժամանակ ենք տրամադրել միջազգային հանրությանը, որպեսզի անդրադարձ լինի արցախյան հակամարտության խնդրին և ադեկվատ անդրադարձ լինի: Էլի պետք է ձգենք, նախապատրաստվենք և պաշտպանենք մեր հողը, որպեսզի ակնկալենք նաև համարժեք արձագանք դրսից»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նշել է Բորիս Նավասարդյանը:

Անդրադառնալով արդեն մեկ ամիս ձգվող պատերազմին միջազգային հանրության դանդաղկոտ արձագանքներին՝ Նավասարդյանը նշում է, որ այսօր անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության լավագույն պայմանները չեն ձևավորված:

«Այնպիսի լուրջ հակասություններ կան նույնիսկ հզոր տերությունների միջև, որ համաձայնեցված քայլեր դեպի խաղաղություն շատ դժվար է ակնկալել: Պետք է հաշվի առնել նաև այն, որ բազմաթիվ այլ մարտահրավերների առաջ է կանգնած աշխարհը: Առաջին հերթին նկատի ունեմ համավարակը, որը համար մեկ խնդիրն է բոլոր պետությունների համար, և նաև լարվածության տարբեր օջախներ կան աշխարհում, և բնականաբար և՛ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը այդ ամբողջին պետք է ուշադրություն դարձնեն: Միայն մեր բանակն իր հերոսական պայքարով կարող է բավարար ուշադրություն կուտակել: Որովհետև այդ ուշադրությունը հենց կուտակվում է՝ կտոր-կտոր, մինչև դառնում է էական գործոն»,-նշում է Բորիս Նավասարդյանը:

Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքերով՝ աշխարհը հապաղում է, և դրա պատճառներից մեկն այն է, որ աշխարհը չգիտի՝ ինչ անել Թուրքիայի հետ:

«Եթե դիտարկենք արցախյան պատերազմը, Թուրքիան միակ կողմն է, որ կարող է միայն շահել: Այդ երկիրն այսօր ոչ մի բան չի կորցնում: Ինքը ոչ զինվոր է կորցնում, ոչ գումար է ծախսում, բայց կարող է հաջողության դեպքում Հարավային Կովկասում ունենալ հսկայական ազդեցություն: Եվ ինչ անել այդպիսի պետության հետ, որը որևէ դեպքում ոչ մի բան չի կորցնում. շատ դժվար է»:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

 

Back to top button
Close