ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ալիեւը վտանգավոր վա բանկի է գնացել. Արայիկ Հարությունյանի ուղերձին ես շատ հանգիստ եմ վերաբերվում». Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը, ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումներին և հնչած հայտարարությանը, նախ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն այսօր զբաղված է ներքաղաքական հարցերով: Միացյալ Նահանգները պատրաստվում է նախագահական ընտրություններին, և այս պահին նրանց համար միջազգային ցանկացած հարց երկրորդական կարող է լինել, որն ուղղակիորեն չի առնչվում Միացյալ Նահանգների շահերին:

«Միացյալ Նահանգների դիրքորոշումը մենք պետք է դիտարկենք ընդհանուր համատեքստի մեջ. բոլոր երկրների, միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ կլինի, ՆԱՏՕ-ն կլինի, ԵՄ-ն, թե մնացյալը… Այս համատեքստում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը տակավին չի ստացել հստակ գնահատականներ և ամենակարևորը՝ դատապարտում: Մյուս կարևոր հանգամանքը. երբ  խոսում ենք պատերազմական գործողությունները դադարեցնելու և բանակցություններ սկսելու մասին, ամենակարևորն այն է, որ չպետք է զբաղվենք ինքնախաբեությամբ և չպետք է տարվենք  խաղաղ բանակցային ձևակերպումներով»,- ասում է Հայկ Դեմոյանը:

Ադրբեջանը, ըստ Դեմոյանի, այս փուլում ռազմաքաղաքական առումով չունի որևէ բան արձանագրելու: Հետևաբար, Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ նստել բանակցային սեղանի շուրջ։

«Շատ մեծ է խաղադրույքը, ահռելի մեծ են տված կորուստները, հետևաբար, պատերազմական գործողություններից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձելու է ստանալ մաքսիմումը:  Եվ ոչ միայն նրա համար, որ նա լավ «խաղացող է»՝ թղթախաղի մոլի խաղացող, այլ որ նա գնացել է շատ լուրջ և վտանգավոր վա-բանկի. նա պետք է Ադրբեջանի ժողովրդին, պատկերավոր ասած, ցույց տա դրոշը Շուշիի վրա: Մնացած հարցերը դառնում են երկրորդական: Պատից կախված հրացանը կրակել է: Այդ փամփուշտը հետ չես բերի: Մենք այս տրամաբանությամբ լավ կլինի շարժվենք»:

Հայկ Դեմոյանը նշում է, որ այս պատերազմում ահաբեկիչներ  ներգրավելը պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում, հատկապես Իրանի և Ռուսաստանի համար: Սակայն այս պատերազմը, պատմաբանի խոսքերով, ի ցույց է դնում նաև ահաբեկչության դեմ պայքարի հարաբերականությունը:

«Այս պատերազմի պարագայում փաստվում է, որ տրաֆիկ կա, որ միջազգային ահաբեկչական ցանցի ներկայացուցիչները հավաքագրվել են  Թուրքիայի և Ադրբեջանի կողմից և օգտագործվում են հայկական զինուժի դեմ: Արձանագրում ենք հարաբերականությունը: Դու հայտարարում ես, զորքեր ես տեղաշարժում, քո նավատորմը, քո զինուժը գնում է այլ երկրում պայքարում է, բայց պարզվում է, որ եթե այդ զինյալները գալիս են անմիջապես քո սահմանի մոտ, դա այդքան էլ անհանգստացնող հանգամանք չէ»:

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակին՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին,  Հայկ Դեմոյանը նշեց.

«Նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձին ես շատ հանգիստ եմ վերաբերվում, որովհետև եղավ ՌԴ նախագահի կողմից հստակ անդրադարձներ, իհարկե մենք չենք փորձի միակողմանիորեն այն հօգուտ մեզ վերագրել, այնտեղ կար բալանսավորված մոտեցում, որովհետև այլ կերպ չէր էլ կարող լինել: Ամենակարևոր շեշտադրումն այն էր, որ խնդրին տրվեց էթնիկ բնույթ…

Անդրադառնալով նամակին՝ ես այն կհամարեմ ավելի շատ տեղին, քան անտեղի: Զուտ թեկուզ այն պատճառով, որ այդ նամակն իր մի քիչ երկարածավալ և երկարաշունչ լինելով հանդերձ, բավական լավ պատմական տեղեկանք էր… առ ի հիշեցում: Ես այսպես կանվանեի»,- նշեց Դեմոյանը:

 

Հաղորդումն ամբողջությամբ ստորև:

 

 

 

 

 

Back to top button
Close