Նորություններ

«Եթե մի օր չէր տեսնում, ասում էր՝ էս ո՞ւր ես կորել, դարձել ես նոր տարվա լիմոնադ». դասընկերուհին՝ շիրակցի հերոսի մասին

«Գևորգը բարի էր, կամեցող, լավատես, ընկերասեր, համեստ»: Արցախյան պատերազմում զոհված 22-ամյա Գևորգ Կանդալյանին այսպես է նկարագրում դասընկերուհին՝ Լիանա Բենոյանը։ Գևորգ Կանդալյանը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր, սեպտեմբերի 27-ից զինվորագրվել էր հայրենիքի պաշտպանության գործին։

«Ինձ համար Գևորգը միայն դասարանցի կամ հարևան չէր, ինքն իմ ախպերն էր։ Շատ մտերիմ էինք իրար հետ։ Գրեթե ամեն օր իրենց տանն էի, եթե մի օր չէր տեսնում, ասում էր՝ էս ո՞ւր ես կորել, դարձել ես նոր տարվա լիմոնադ։ Գևորգը ասում էր՝ գնամ, մինչև զենք բռնելս ջուր ու հաց կտանիմ տղեքին»,- պատմում է հերոսի դասընկերուհին։

Լիանան պատմում է. «Գևորգը մեր դասարանի ամենաբոյովն էր. 9-րդ դասարան էինք, տնօրենը մտավ դասարան, նայեց Գևորգին, կանգնած էր սեղանի մոտ, ասաց՝ դու այստեղ ի՞նչ ես անում. զարմացել էինք, թե ինչու է հարցնում։ Գևը ասեց՝ ես էս դասարանից եմ, տնօրենը չհավատաց, կմտածեր բարձր դասարանցի է, ուղղակի եկել է մեր դասարան։ Ուրախ մարդ էր Գևը, իր բանակ գնալուց ասում էր՝ լավ կլինի, սպասեք գնամ-գամ, տեսեք ինչ քեֆ ենք անելու»,- շարունակում է շիրակցի հերոսի դասընկերը։

«Մեր 11-րդ դասարանի կառնավալի ժամանակ Գևի մտքով անցել էր պատգամավորի դեր խաղալ, գնացել, իր վրա «փոր» էր դրել, եկավ, բոլորով լավ ուրախացանք: Ինքն իր խոսքերը մտածեց, ասաց՝ ընկեր Սիմոնյան, հենց պատգամավոր դառնամ, առաջինը ձեր աշխատավարձն եմ բարձրացնելու, շատ էինք տպավորվել այդ խոսքերից, ի դեպ, իրեն էլ շատ էր սազում պատգամավորի դերը, դրա համար մտածում էինք, որ իրականում ուզում է պատգամավոր դառնալ։ Բաց մարդ չէր, իր մասին քիչ էր խոսում. ասում էր՝ 25 տարեկանում կամուսնանամ, ասում էի՝ բա որ սիրահարվես, ու աղջիկն ուզենա ավելի շուտ ամուսնանաք, ասում էր՝ հա դե մի բան կանենք։ Նպատակներ շատ ուներ: Բոլորի նման ուզում էր կայանալ, հետո ընտանիք կազմել, բայց հայրենիքի կանչով գնաց։ Կցված էր մեր զորքերին, պիտի վիրահատվեր, համոզում էինք, որ մնա, ասաց՝ չէ, մեր տղեքին մենակ թողնե՞մ»:

«Գնալուց մի օր առաջ Գևորգենց տանն էի, չէինք պատկերացնում, որ կգնա։ Հաջորդ օրը ասաց, որ գնում է զինկոմիսարիատ ներկայանա ու գա… չհասցրեցինք իրար հաջող անել։ Զանգում էինք, ասում էր՝ շատ լավ եմ, թիկունքից ուղարկած մթերքներից իրան էլ էր հասել։ Ասում էր՝ ամեն ինչ շատ լավ է լինելու»:

«Մեզ սկզբում ասել են՝ թեթև վիրավորում է ստացել (ոտքերի շրջանում), ուրախացել էինք։ Հետո ասացին, որ Գևորգը չկա, չենք գտնում, վերջում պարզվեց՝ զոհվել է։ Ամսի 16-ին է մահացել, մենք 17-ին ենք իմացել։ Ամենաահավոր առավոտն էր…»,- եզրափակեց Լիանա Բենոյանը։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close