Նորություններ

«Ալիևն իր երկրում ինչ-որ ժամանակով խաղաղություն ապահովելու համար կշարունակի պատերազմը». քաղաքագետ

«Երեկվա ելույթով Վլադիմիր Պուտինը ուրվագծեց ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում, համենայնդեպս այն մասով, որ մասով պատրաստվում են իրականություն դարձնել»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։

Մեհրաբյանի խոսքով՝ պարզ է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները։ «Մյուս կողմից Պուտինը բացահայտ ասաց, որ հակամարտությունը տարածքային վեճ չէ, և ասաց, որ ղարաբաղյան հակամարտության հարցում Թուրքիայի հետ ընդհանրապես համաձայն չէ։ Սրանք ամենագլխավոր ուրվագծերն էին։ Նաև խոսք գնաց Ադրբեջանի կորցրած տարածքների մասին։ Հաշվի առնելով այն, որ և՛ Մոսկվայում, և՛ Փարիզում , և՛ Վաշինգտոնում ուղիղ տեքստով ասում են, որ ունեն կոնսենսուս՝ կապված Արցախի հարցի հետ, ապա ես կարծում եմ, որ սա նաև այն հարցն է, որի գաղտնիքը կիսում են նաև Փարիզը և Վաշինգտոնը»,-հայտարարեց նա։

Մեհրաբյանի կարծիքով՝ Պուտինը շատ կարևոր հայտարարություններ արեց վաշինգտոնյան հանդիպումներից առաջ։ «Կարծում եմ, որ Պուտինը հայտարարություններ անելու համար ժամանակահատվածը պատահական չէր ընտրել, որովհետև նման բաները պատահական չեն լինում»,-հայտարարեց նա։

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ Ռուսաստանը հակամարտության մեջ ինչ դերակատարում կունենա, կախված է նրանից, թե ինչ ընթացք կունենա պատերազմը։ «Ինչ ընթացք կունենա պատերազմը, Ռուսաստանը այդ ընթացքը չափելու է իր անվտանգության շահերի արշինով և կգործի ըստ այդմ։ Մենք համենայնդեպս տեսնում ենք, որ կան կարմիր գծեր, որոնք արդեն հատել է Էրդողանը, և ռուսներն էլ ուզում են այդ պատերազմը դադարեցնելով՝ Էրդողանին հետ ուղարկել իր տարածաշրջան, բայց որ դա լուծելի խնդիր է, ես խիստ կասկածում եմ»,- ընդգծեց քաղաքագետը։

Մեհրաբյանի կարծիքով՝ այսօր Ալիևը և Ադրբեջանը դարձել են Էրդողանի խամաճիկները և զրկված են սեփական որոշումներ ընդունելու հնարավորությունից։ «Արևմուտքը դեռևս ընթանում է իներցիայով և առայժմ չի ուզում հավատալ իր աչքերին և ականջներին։ Ժամանակ է պետք այդ շրջադարձի համար։ Մենք տեսնում ենք, որ այդ ժամանակը Թուրքիան իր ձեռքով ինտենսիվ կրճատում է (հաշվի առնելով՝ ինչ առճակատումների է գնում Եգիպտոսի, Հունաստանի, արաբական աշխարհի հետ)»,- շեշտեց Մեհրաբյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ արցախյան ճակատում տեղի ունեցողը կարող է նաև երկար տևել. «Չնայած պետք է ընդառաջել բոլոր հնարավորություններին, որոնք թույլ կտան զինադադարը վերականգնել, բայց հավանական եմ համարում, որ դա չստացվի, որովհետև Ադրբեջանը հենց դադարեցրեց պատերազմը, կարող է պատերազմ սկսվել իր երկրի ներսում. Ալիևը դա շատ լավ է հասկանում։ Ալիևը իր երկրում ինչ-որ ժամանակով խաղաղություն ապահովելու համար կշարունակի պատերազմը»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

 

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close