Նորություններ

Թուրքիայի ձեռքերը բաց թողնելու արդյունքում կստեղծվի հերթական ահաբեկչական որջը. Նորայր Նորիկյան

«Արցախյան ճակատում տեղի ունեցող պատերազմը Ադրբեջանի պատկերացմամբ պատերազմի բացարձակ տեսակ է. Ադրբեջանը փորձ է անում ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը իր պատկերացմամբ, այսինքն՝ զավթել Արցախի տարածքը և բնակչությանը ուղղակի տարհանել. սա է նրանց առավելապաշտական նպատակը: Մեր ժողովրդի, զինված ուժերի խնդիրն է՝ ամեն ինչ անել ադրբեջանական մտայնության մեջ վիժեցնելու այն համոզմունքը, որ իրենք կարող են Արցախի հակամարտության հարցը լուծել ռազմական ճանապարհով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

Փաստաբանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ Արցախի հարցը գոնե այս փուլում դիվանագիտական լուծում չունի, հայտարարեց.

«Փաշինյանի ասածը նշանակում է, որ կորսվել են բոլոր դիվանագիտական հնարավորությունները:

Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում պետք է մշտապես պահպանել ռազմական եղանակով թշնամուն պատժելու ծրագիրը, բայց միաժամանակ չբացառելով որևէ ձևաչափով, որևէ հարթակում բանակցելու հնարավորությունը, որովհետև Արցախի ժողովրդի ինքնորոշման պայքարում որևէ մեկի հետ բանակցելու խնդիր չունենք: Պատրաստ ենք ամբողջ աշխարհին ներկայացնելու մեր ուղերձը, որ այս պատերազմը արցախահայության՝ իր հայրենիքում հարատև ապրելու և Արցախի ինքնորոշման պայքարն է. մեկ մարդու նման մեր պայքարը պետք է պատվով կրենք մինչև վերջ»,- ընդգծեց Նորիկյանը:

Նորայր Նորիկյանի կարծիքով՝ դիվանագիտական ճակատում անելիքները շատ են:

«Ես կարծում եմ, որ ամենակարևոր ուղերձը, որ պետք է հասցվի դիվանագիտական ուղղությամբ, այն է, որ այսօր տարածաշրջանում չի լուծվում միայն լոկալ հաջողության հասնելու խնդիր: Եթե մենք հանդուրժենք թուրք-ադրբեջանական տանդեմի այս ահաբեկչական պատերազմը մեր ժողովրդի դեմ, դա կնշանակի, որ մենք պատուհան ենք ստեղծելու ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի, որ ձևավորվի հերթական իսլամիստական-ահաբեկչական որջը, ինչը լուրջ մարտահրավեր է հանդիսանալու տարածաշրջանի պետությունների ժողովուրդների համար. հետևաբար միջազգային հանրության խնդիրն է՝ այս պահից չեզոքացնելու այդ մարտահրավերը, հակառակ պարագայում մենք Թուրքիայի ձեռքերը բաց թողնելու արդյունքում վերջիններիս կողմից փորձ է արվելու ստեղծել հերթական ահաբեկչական որջը:

Մյուս կարևոր ուղերձը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է: Մենք պետք է հստակ մեսիջ ներկայացնենք միջազգային հանրությանը, որ Արցախի և հայ ժողովրդի գլխին կախված է երկրորդ ցեղասպանության ենթարկվելու վտանգը: Մենք մեկ անգամ

արդեն ապրել ենք ցեղասպանություն, և երկրորդ անգամ մեր ժողովուրդը ցեղասպանության ենթարկվելու իրավունք չունի, և հետևաբար, մենք մինչև վերջ պետք է պայքարենք այս իրավունքները պահպանելու համար»,- հայտարարեց փաստաբանը:

Նորայր Նորիկյանն ասում է, որ միջազգային հանրության արձագանքները չեն գոհացնում, որովհետև դրանք համարժեք չեն թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների կողմից սանձազերծած պատերազմին, բայց սա մեզ չպետք է վհատեցնի, այլ ճիշտ հակառակը: Բոլոր միջոցներով, բոլոր հարթակներով, բոլոր ձևաչափերով մենք պետք է աշխատենք միջազգային հանրության հետ»,- շեշտեց նա:

Փաստաբանը շեշտում է, որ մեր ԶՈՒ պետք է արժանի հակահարված հասցնեն, Ադրբեջանին պարտադրեն խաղաղություն և հասնեն խնդրի ամբողջական ու վերջնական լուծմանը՝ պահպանելով արցախահայության՝ իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքը՝ ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում:

Վերջինիս խոսքերով՝ պատերազմական գործողությունների արդյունքները իրենց հետևանքն են ունենալու բանակցային գործընթացում: Ռազմաճակատի հաջողությունները հնարավորություն են տալիս նպաստավոր դիրքերից հանդես գալու:

Նորիկյանն ընդգծեց՝ վերջնարդյունքում հակամարտությունը բանակցությունների միջոցով է կարգավորվելու:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close