Նորություններ

«Դավիթը միշտ թույլի կողքին էր, ես իրան այդպես եմ հիշում. ռազմի դաշտում կռվող կամ ընկած տղաները մեր հերոսներն են, և Դավիթը այդ հերոսներից մեկն է». հերոսի դասընկեր

Դավիթ Ղազարյանը, ով զոհվել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ, Շիրակի մարզի Բասեն գյուղից էր: Դավիթը մեկ տարի առաջ էր վերադարձել պարտադիր զինվորական ծառայությունից: Ընտանիքի ավագ որդին էր, կրտսեր եղբայրը այս պահին ռազմաճակատում է: 21-ամյա Դավիթը հոկտեմբերի 4-ից մեկնել էր Արցախ՝ հայոց սահմանները պաշտպանելու: Հայրենիքի պաշտպանության ժամանակ ստացել է վիրավորում, բժիշկները արել են հնարավորը, որպեսզի տղայի կյանքը փրկվի, բայց Դավիթը ծանր վիրահատությունից հետո հիվանդանոցում մահացել է:

«Դավիթը իմ մանկության ընկերներից է, առաջին դասարանից միասին ենք դպրոց գնացել: Մենք իրար հետ շատ կապված էինք՝ սկսած դպրոցական տարիներից մինչև հիմա: Առաջին դասարանում էինք սովորում, իմ ու Դավիթի միջև կռիվ եղավ. ձմեռ էր, ինձ հրեց գցեց սառույցների վրա, գնացի տուն պապայիս պատմեցի. պապաս Դավիթենց տուն էր գնացել: Մինչև վերջերս պատմում էր՝ Անի, հիշո՞ւմ ես, պապայիդ ասել էիր գա մեր տուն. ես կտուրը պահ էի մտել: Դավիթը անկեղծ ու պարզ մարդ էր, մարդկանց երբեք չէր նեղացնում. մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր. իր նման մարդիկ քիչ են հանդիպում: Դավիթը միշտ թույլի կողքին էր, ես իրան այդպես եմ հիշում: Իրան բոլորը շատ էին սիրում՝ ուսուցիչները, տնօրենը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված Դավիթի դասընկերուհին՝ Անի Բենոյանը:

«Մեր դասարանից երեխեք կային, որ Ռուսաստանում էին. Դավիթը ասում էր՝ գան հավաքվենք էքսկուրսիա գնանք: Դավիթը մեր դասարանին համախմբողն էր: Ինչքան դասարանով հավաքվենք, Դավիթի տեղը թափուր կմնա:

Ինքը իր անձը տվեց, որ մենք ապրենք կամ փչացնենք կյանքը: Դավիթը իր կյանքով մեզ տվեց սխալվելու ու ճիշտ քայլ անելու հնարավորություն: Յուրաքանչյուր քայլ անելուց պիտի գիտակցել, որ մեր այդ քայլի հնարավորությունը ռազմի դաշտում կռվող և նահատակված զինվորներն են տվել: Նրանք մեր հերոսներն են, և Դավիթը այդ հերոսներից մեկն է:

Մեր գյուղում չկա մի մարդ, ում վրա Դավիթի դեպքը ազդած չլինի… առհասարակ մեր գյուղի մարդիկ իրարով են ապրում, իրար մեջ են կիսում ցավն ու ուրախությունը»,- պատմում է Անին:

Հերոսի դասընկերուհին պատմում է, որ շատ է նեղվել, երբ իմացել է Դավիթի վիրավորվելու մասին.

«Իմացա, որ վիրավորումը ոտքերի հատվածում է եղել. նեղվել էի էդ փաստից, բայց դե… մտածում էի՝ եղածն եղած է, թող Դավիթը ապրի, մնացածը ժամանակի ընթացքում շտկվող է ու բուժվող:

Վիրահատել էին, ծանր վիրահատություն էր եղել, աչքերը բացել էր, բժիշկները զարմացել են, թե ինչքան ուժ կա էս տղու մեջ, բայց…

Հոկտեմբերի 17-ին Դավիթը հոսպիտալում մահացավ… չէի հավատում, որ Դավիթը մահացել է, երեխեքի հետ խոսում էինք, Դավիթի մասին էլի ներկա ժամանակաձևով ենք խոսում, ինքը միշտ մեզ հետ է»,- եզրափակեց շիրակցի հերոսի դասընկերուհին:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close