«Եթե անգամ վիրավոր չլիներ Մուշեղը, սիրտը չէր դիմանա՝ իմանար երկրապահ ընկերներից որևէ մեկը չկա». Ամասիան հրաժեշտ տվեց հերոս երկրապահներին
Ամասիայի տարածաշրջանային ԵԿՄ բաժանմունքի նախագահ Մուշեղ Կարապետյանն առաջնագիծ մեկնեց երկրապահ ընկերների հետ հոկտեմբերի 1-ին:
Սա նրա երրորդ պատերազմն էր: Չէր վարանել հայրենիքի պաշտպանության գործին լծվել 90-ականներին՝ սպասման մեջ թողնելով կնոջն ու երեք անչափահաս զավակներին:
2016-ի ապրիլյան պատերազմին ևս հասավ Ջեբրայիլ՝ 18-20 տարեկան տղաների կողքին կանգնելու:
Այս անգամ սիրված հայրն ու հոգատար ամուսինը չվերադարձավ ընտանիքի գիրկը:
«Ասում էր՝ եթե տղաներից մեկն ու մեկին էլ մի բան պատահի, ես կմեռնեմ… պատասխանատու մարդ էր… Այդպես էլ եղավ: Ամասիայից կամավորագրված չորս ընկերներից երեքը զոհվեցին… զոհվեց նաև Մուշեղը: Եթե անգամ վիրավոր չլիներ, սիրտը չէր դիմանա՝ իմանար երկրապահ ընկերներից որևէ մեկը չկա: Ոտքերն է վնասվել, ասում են՝ արյունաքամ է եղել: Բայց ես իրեն շատ լավ եմ ճանաչում, համոզված եմ, որ սիրտը չի դիմացել վշտին»,- պատմում է Մուշեղ Կարապետյանի կինը՝ տիկին Ռուզաննան, ով այս օրերին առաջնագիծ էր ճանապարհել ոչ միայն երկրապահ ամուսնուն, այլ նաև կամավորագրված որդուն՝ Արթուր Կարապետյանին:
Մյուս որդին՝ Հայկը, արտագնա աշխատանքի էր մեկնել: Պատերազմի մասին լուրն իմանալուն պես զանգել է տուն, ասել, որ վերադառնալու է Արցախ մեկնելու նպատակով:
«Ասում եմ՝ տղա ջան, մի ընտանիքից երեք հոգի՞ գնա… Ինձ համար որպես կին դժվար էր հաշտվել այդ մտքի հետ: Ես միշտ եմ տվել հարցը, թե ինչ է տվել հայրենիքը ձեզ. Մուշեղս աշխատանք էլ չուներ, մտածում եմ՝ եթե աշխատանք ունենար, գուցե չգնար ու չզոհվեր: Կրտսեր որդիս ընտրեց զինվորականի մասնագիտությունը, բայց վճարը չկարողացանք տալ, և դուրս մնաց, բռնեց արտագաղթի ճամփան: Սա էլ էր ամուսնուս համար մեծ հարված: Տանջվում էր շատ, որ երեխաները մի բանի կարողանան հասնել: Բայց մեկ է, նա սիրում էր իր երկիրը: Որ ասում էի՝ ինչո՞ւ ես գնում, նա կարճ էր պատասխանում, որ գնում է երեք զավակների երկրի ապագայի համար»:
Հոր և որդու գնալ-չգնալու հարցն այսպես փակված համարվեց ընտանիքում: Եթե հայրենիքն ունի իրենց կարիքը, ուրեմն երկար-բարակ հարցը քննարկելու վրա ժամանակ չի վատնվում: Ինչո՞ւ, որովհետև բոլորն են իրենց ընտանիքում պատրաստ եղել կյանքը զոհելու հանուն հայրենիքի. Մուշեղ Կարապետյանի հայրը մասնակցել է Հայրենական պատերազմին, եղբայրները կրկին մասնակցել են Արցախյան պատերազմին: Հայրենիքը պաշտպանելու գաղափարն ու առաջնահերթությունը միշտ է գերակա եղել ընտանիքում:
Տիկին Ռուզաննան պատմում է, որ ամուսինը չափազանց լավատես էր: Արցախյան պատերազմից հետո ուրախացավ երկրի ամեն մի հաջողությամբ, պայքարեց հրապարակներում՝ ժողովրդավարական և հզոր երկիր ունենալու փափագով, փայփայեց ստացած շքանշանները: Հայրենիքի համեստ նվերներն էին շքանշանները, որոնցով հպարտանում էր՝ ինչքան ասես: Իսկ ինքը սիրում էր հայրենիքն անմնացորդ սիրով:
Բնության մարդ էր… Ամեն քարի ու թփի, սարի ու ձորի ծանոթ: Կքայլեր երկար ու արագ քայլերով իրեն հարազատ վայրերով, կհավաքեր բնության բարիքները ու կբաժաներ բոլորին: Բացառությամբ բազմերանգ դաշտային ծաղիկների: Դրանց միակ հասցեատերը սիրելի կինն էր: Չկար որևէ տոն, որն անտեսվեր ու սեղանին չհայտնվեր ծաղկեփունջ կնոջ համար պատրաստված: Չափազանց հոգատար էր, պատմում է ամուր թիկունքին կորցրած կինը:
«Նա ինձ երես տված երեխայի նման պահեց»,- ասում է տիկին Ռուզաննան և իրեն մխիթարելու եկած հարազատներին, թողած վիշտը, հյուրասիրում է հատապտուղներից պատրաստված հյութով: «Մուշեղս է իր ձեռքերով հավաքել դաշտի ելակը, խմեք, զգացեք համն ու հոտը… Ինքը լիներ, ինքը կվազեր ու կհյուրասիրեր բոլորիդ… Մուշեղը հացով մարդ էր: Իր տուն մտնողը իր ձեռքով հավաքած բարիքները պետք է վայելեր անպայման»:
Գուցե հոգևոր կապն էր նաև պատճառը, որ առաջիններից հենց կինը զգաց, որ ամուսինն այլևս չկա: Երբ բոլորն էին հուսադրում, որ Մուշեղ Կարապետյանը վիրավոր է, և փնտրել էին նրան հիվանդանոցներում, թևաթափ կինը կրկնում էր, որ Մուշեղը եթե վիրավոր լիներ, առաջինն իր համարը կհավաքեր, կհուսադրեր, կասեր, որ ամեն ինչ կարգին է, որ չանհանգստանա հանկարծ, որովհետև հետ է գալու անպայման, որ կրկին միասին վայելեն առավոտյան սուրճը ու զրուցեն շատ երկար իրենց ապագա պլանների մասին:
Բայց քանի որ չի զանգել, ուրեմն չկա այլևս, ուրեմն բռնել է հավերժի ճամփան…
Հոր հուղարկավորությանը մասնակցելու համար առաջնագծից եկավ Արթուրը: Եկավ նաև զինվորականի ուղին կիսատ թողած կրտսեր որդին: Հոր արժանի զավակները զուսպ ու հպարտ, վրեժը սրտերում ճանապարհեցին կյանքը հայրենիքի համար չխնայած հերոս հորը: Իրենց մխիթարողներին էլ բացատրեցին, որ պատերազմն այդպիսին է, հայրենիքը լավերին է տանում…
Երկրապահ Մուշեղ Կարապետյանին և նրա ընկերոջը՝ Միշա Չեչենցովին, Ամասիան հրաժեշտ տվեց այսօր:
Արմենուհի Վարդանյան