Նորություններ

Թուրքիայից արդեն ներկրված ապրանքների բոյկոտը վնասում է հայ գործարարներին

Թուրքիայից արդեն իսկ մեծ քանակությամբ ապրանքներ ներկրած գործարարներն ու անհատ ձեռներեցները, ովքեր զգալի ծախսեր են կատարել, այժմ դժվարությունների առաջ են կանգնած դրանց սպառման առումով։

Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարություն է տարածել, որտեղ հայ սպառողներին կոչ է արել չբոյկոտել Թուրքիայից արդեն Հայաստան ներկրված ապրանքները։

«Արդեն Հայաստանում գտնվող ապրանքները բոյկոտելով, մենք ոչ թե վնասում ենք թուրքական կողմին, այլ դժվար կացության մեջ դնում հայաստանցի ներկրողներին, որոնցից շատերն ունեն նաև վարկային պարտավորություններ։ Ուստի, ևս մեկ անգամ հաստատելով այսուհետ Թուրքիայից ապրանքների ներկրումը դադարեցնելու անհրաժեշտության մեր համոզմունքը՝ հայաստանցի սպառողներին կոչ ենք անում ըմբռնողականություն ցուցաբերել և չխոչընդոտել արդեն իսկ ներկրված ապրանքների սպառմանը»,– նշում է Ղազարյանը։

Նա նաև հայտնում է, որ Թուրքիայից արդեն իսկ մեծ քանակությամբ ապրանքներ ներկրած գործարարներն ու անհատ ձեռներեցները, ովքեր զգալի ծախսեր են կատարել, այժմ դժվարությունների առաջ են կանգնած դրանց սպառման առումով։

Միաժամանակ Արսեն Ղազարյանը նաև կոչ է անում հայրենական արտադրողներին և թուրքական շուկայի հետ մինչ այս աշխատած գործարարներին օր առաջ դրսևորել նախաձեռնողականություն, հաստատել նոր գործարար կապեր, համագործակցել արտերկրի նոր շուկաների հետ՝ հայաստանցի սպառողներին անհրաժեշտ ապրանքների պահանջարկը լիարժեք բավարարելու համար։

armeniasputnik.am

Back to top button
Close