Նորություններ

Կարմիր խաչի պատվիրակները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին. նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ. Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները տեսակցել են գերեվարված Ազնիվ Բաղդասարյանին, և կազմակերպության ընթացակարգերի համաձայն՝ նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Մեր ուշադրության կենտրոնում են անձանց պահման պայմանները, առողջական վիճակը, որոնց վերաբերյալ բովանդակային մասով հանրայնորեն չենք տեղեկացնում»,-նշեց նա:

Հարցին՝ Կարմիր խաչի պատվիարկները Ադրբեջանում քանի՞ գերեվարվածի են հանդիպել, Ամատունին պատասխանեց, որ նման տեղեկատվություն տրամադրում են միայն անձանց ընտանիքիներին և ներգրավված կողմերի իշխանություններին, վիճակագրական տվյալները չեն հանրայնացվում:

Ինչ վերաբերում է գերիների վերադարձին, Ամատունին ասաց, թե դա կատարվում է կողմերի համաձայնությամբ, իսկ Կարմիր խաչը՝ որպես միջնորդ, կազմակերպում է արտահանձնումը, վերադարձը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, թե, իբր, իրենց զինվորականները հայտնաբերել են Արցախի գյուղերից մեկում մնացած կնոջ՝ Ազնիվ Կարապետյանին, վերջինս էլ նրանց ասում է. «Բարի գալուստ ձեր տուն»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

tert.am

Back to top button