Նորություններ

«Իրական հրադադարը կլինի այն դեպքում, երբ թշնամու բանակը այլևս հրադադարը խախտելու զինատեսակներ չունենա»

«Հրադադարի կայունությունը կախված է ոչ թե ԱԳ նախարարների հանդիպումից, այլ առաջնագծում մեր բանակի գործունեությունից: Մենք գիտենք մեր թշնամին ով է, և նրանց որևէ խոսքին, հայտարարությանը հավատալ պետք չէ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումներին՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

«Տվյալ դեպքում՝ և՛ պատերազմի, և՛ հրադադարի շարունակությունը որոշում է մեր բանակը:

Մեր բանակը կարողացավ կասեցնել հակառակորդի գրոհները, ինչը կստիպի ադրբեջանցիներին կառուցողական լինել դիվանագիտական ճակատում:

Չնայած ԱԳ նախարարների հանդիպումները ընդհանուր առմամբ դրական են, բայց պետք է հասկանալ, որ մեծ հաշվով ամեն ինչ մեր տղաների շնորհիվ է»,- նշեց Բաղդասարյանը:

«Հիմա ամեն ինչ վճռվում է ռազմաճակատի գծում, երբ այնտեղ ամեն ինչ կհանդարտվի, երբ թշնամին կհասկանա, որ այլևս չի կարողանալու մի թիզ հող առաջ գալ, այդ ժամանակ կսկսվեն առարկայական բանակցությունները: Ամբողջ աշխարհը պիտի որ համոզված լինի՝ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Հրադադարի հաստատումից հետո մեր բանակցային դիրքերը շատ ավելի ամուր կլինեն, քան մինչև այս պատերազմն էր: Իրական հրադադարը կլինի այն դեպքում, երբ թշնամու բանակը այլևս հրադադարը խախտելու զինատեսակներ չունենա:

Այս պահին առաջնային խնդիրը թշնամուն հրադադար պարտադրելն է, թեև դա ասել ենք առաջին օրից»,- ընդգծեց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքերով՝ քանի դեռ ադրբեջանցիները հույսները չեն կորցրել, որ կարող են առաջ գնալ, նրանք հրադադարի որևէ պայմանով չեն համաձայնվի կամ կառաջադրեն այնպիսի պայմաններ, որը մեզ համար անընդունելի կլինի:

Ըստ Բաղդասարյանի՝ մեր թե՛ դիվանագիտությունը, թե՛ ընդհանուր քարոզչությունը շատ արդյունավետ է աշխատում, և մեր հասարակությունը ինչպես բանակին է վստահում, այնպես էլ պիտի վստահի դիվանագիտությանը:

«Այս պատերազմն իր մասշտաբներով նոր է, և արդեն տարածաշրջանային պատերազմ է ոչ թե Հարավային Կովկասում, այլ մեծ պատերազմ է Մերձավոր Արևելքում, որովհետև Թուրքիան դրան անմիջապես մասնակցում է: Մենք պետք է հասկանանք, որ նախորդ պատերազմից հետո տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը որոշակիորեն փոխվել է: Թուրք-ադրբեջանական դաշինքը համարում է, որ իրենք պետք է ստատուս-քվոյի փոփոխություն անեն և իրավիճակը համապատասխանեցնեն ուժերի նոր հարաբերակցությանը, և հիմա նրանք փորձում են հաստատել նոր ստատուս-քվո:

Մեր բանակը պիտի այնպես անի, որ ստատուս-քվոն մեր օգտին լինի, մեր բանակը այսօր այդ խնդիրն է լուծում»,- հայտարարեց նա:

Վերջին շրջանում ակտիվ քննարկման է դրվել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և «անջատում հանուն փրկության» բանաձևը: Այս փուլում ինչքանո՞վ է դա հնարավոր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահը սպառնում է, որ կդադարեցնի այն երկրի հետ դիվանագիտական շփումները, ով կճանաչի Արցախի անկախությունը:

«Այս երկու հարցերի օրակարգ բերելը հիմա շատ կարևոր է, բայց այդ հարցերի շուրջ ակտիվ գործնական քայլերը հնարավոր են լինելու հրադադարի հաստատումից հետո, քանի դեռ թշնամին շարունակում է իր գործողությունները, որևէ արդյունք չի լինի:

Ամբողջ աշխարհում դիվանագիտությամբ, քարոզչությամբ պետք է այդ հարցը թեժացնել և հարցը պահել օրակարգում»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ու դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծմանն առնչվող հրատապ հարցեր:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close