Նորություններ

«Երբ մարդիկ իրենց սեփական առողջության մասին չեն մտածում, բնականաբար ուրիշի առողջության մասին առավել ևս չեն կարող մտածել». Կարինե Հովհաննիսյան

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 89 հիվանդ:

«Հոկտեմբերի 14-ից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը նորից վերապրոֆիլավորվեց որպես կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժումն իրականացնող բուժհաստատություն: Այս պահի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ամբողջությամբ ծավալված է, ազատ մահճակալներ չկան: Մեր հիվանդանոցում բուժում են ստանում ոչ միայն Շիրակի մարզի բնակիչներ, այլ նաև հարևան մարզերից և Երևանից»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, վարակաբան Կարինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակին:

Կարինե Հովհաննիսյանը կորոնավիրուսի թվերի աճը պայմանավորում է սահմանափակումների վերացման և մարդկանց զգոնության թուլացման հետ:

«Վերջերս հաճախ տեսնում էի, որ մարդիկ դիմակ չեն կրում, բացի դրանից՝ ամբողջ ծավալով և ուժգնությամբ հարսանիքներ են լինում. դա բավականին լուրջ սանիտարական ռեժիմի խնդիր է: Այսինքն՝ այն սահմանափակումը, որ պետք է լիներ 40, 50, 60 հոգի, դա լրիվ խախտվել է, և տեղի են ունենում 150-200 հոգանոց հարսանիքներ: Մյուս պատճառը հուղարկավորություններն էին, որը մասսայական բնույթ էր կրում:

Եթե օրենք լիներ, որ 20 հոգուց ավել մարդ չպետք է մասնակցի այդ արարողություններին, մեկ է, ոչ ոք չէր լսի:

Մյուս կարևոր պատճառն էլ այն է, որ մարդիկ խախտում են անձնական հիգիենայի կանոնները:

Երբ մարդիկ իրենց սեփական առողջության մասին չեն մտածում, բնականաբար ուրիշի առողջության մասին առավել ևս չեն կարող մտածել»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Բժիշկ-վարակաբանը ասում է, որ ամեն ինչ անում են, որ մարզում համաճարակային իրավիճակը վերահսկելի և կառավարելի լինի:

«Բավականին մեծ քանակով թեստավորումներ ենք անում, որը թույլ է տալիս տարբերակիչ ախտորոշում իրականացնել՝ դրական և բացասական հիվանդների: Ընդունում ենք այն հիվանդներին, ովքեր ունեն երկկողմանի թոքաբորբ, շնչարգելություն, ուղեկցվող հիվանդություններ, սիրտ-անոթային հիվանդություններ և ռիսկային խմբում են գտնվում, իսկ ում առողջական վիճակը ծանր չէ և չունի նման բուժման անհրաժեշտություն, նրանց բուժումը տանն է իրականացվում՝ առաջնային օղակի բժիշկների հսկողության ներքո»,- նշեց Կարինե Հովհաննիսյանը:

Վարակաբանն ընդգծեց. «Առայժմ մենք կրկնակի դեպքեր չունենք, առայժմ այն մարդիկ են վարակվել, ովքեր դեռևս չէին հիվանդացել: Փորձը ցույց է տալիս, որ կարծես թե բոլորը պիտի հիվանդանան՝ իհարկե բոլորի մոտ հիվանդացության տանելիության աստիճանը տարբեր կլինի: Երիտասարդները հիվանդությունը կտանեն անախտանիշ կամ թեթև ընթացքով: Մենք բավականին ծանրաբեռնված ենք աշխատել նաև ամառվա ամիսների ընթացքում, երբ ունեինք հարյուրից ավելի հիվանդ ոչ միայն Շիրակի մարզից, այլև այլ մարզերից»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close