Նորություններ

«Իհարկե նման դեպքեր լինում են, բայց այդպիսի թիվ չկա». Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է 170 զինծառայողի փրկվելու մասին տեղեկությանը

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ այսօր առավել համառ մարտերը հարավային ուղղությամբ են եղել, բայց մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակման մի քանի գրոհները և հետ շպրտել ելման բնագծեր։

«Մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել ադրբեջանական կողմի ԱԹՍ-ները, ընդ որում 2020թ. արտադրության թուրքական Բայրաքթար անօդաչու թռչող սարքեր։ Այս պահի դրությամբ էլ իրավիճակը լարված է, մարտական գործողությունները շարունակվում են, իհարկե ոչ այնքան ինտենսիվ, ինչպես ցերեկային ժամերին է լինում»,-հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը, անդրադառնալով սոցցանցերում տարածված 170 զինծառայողի փրկվելու մասին տեղեկությանը, հայտարարեց. «Այդպիսի թիվ չկա, իհարկե նման դեպքեր լինում են, այսօր էլ է եղել, երեկ էլ. մեր զորքերի առաջխաղացման ժամանակ այն խմբերը կամ անհատ զինծառայողները, որոնք նախորդ օրվա մարտական գործողությունների ժամանակ հայտնվել են ինչ-որ տեղ՝ ծուղակում կամ մոլորվել են, գերությունից փրկվել են և դուրս են եկել, բայց այդպիսի մեծ խմբավորման մասին խոսք չի եղել»,-նշեց Հովհաննիսյանը։

Վերջինիս խոսքերով՝ իրավիճակն առաջնագծում  կայուն է և վերահսկելի։

Back to top button
Close