Նորություններ

«Ադրբեջանը չի ուզում իր դիակները վերցնել. որոշ հատվածներում վիճակն այնքան կրիտիկական է, որ հնարավոր չէ անգամ մոտենալ»

«Արցախյան ճակատում իրավիճակը իր բնույթով չի փոխվել: Այսինքն՝ հակառակորդը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը: Փորձում է տարբեր ուղղություններով ճեղքել մեր պաշտպանությունը և ստանում է համարժեք պատասխան»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Բաբայանի խոսքերով՝ մեզ համար մեր յուրաքանչյուր զինվորի վիրավորումը, Աստված չանի, մահը անդառնալի կորուստ է, և ադրբեջանական կողմի կորուստներով մենք չպետք է սփոփենք մեզ:

Վերջին շրջանում ակտիվ քննարկման է դրվել Արցախի անկախության ճանաչման գործընթացը և «Անջատում հանուն փրկության» բանաձևը, այս փուլում ինչքանո՞վ է դա հնարավոր: Հարցադրմանն ի պատասխան՝ Դավիթ Բաբայանը հայտարարեց.

«Այս պահի դրությամբ հիմնական խնդիրը մարտի դաշտում հակառակորդին մաքսիմալ վնաս հասցնելով՝ կանգնեցնելն է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր քայլերը լինեն հավասարակշռված:

Լավ է, որ Արցախը ճանաչվի, իսկ ո՞վ է դեմ, որ Արցախի անկախությունը ճանաչվի, բայց այստեղ կա երկու ուղղություն. միջազգային հանրության կողմից ճանաչում և ՀՀ կողմից ճանաչում: Միջազգային հանրության կողմից անկախության ճանաչումը. հասկանալի է, որ աշխարհաքաղաքական առումով քիչ վտանգներ պարունակող զարգացում է (տարբեր երկրներ, իհարկե, շատ լավ կլինի, որ ճանաչեն), կան երկրներ, որտեղ իմաստ չկա այնտեղ որևէ քայլեր ձեռնարկել, օրինակ՝ մեզ ճանաչեն: Չի լինելու այդպիսի բան. դրա համար պետք է վերանայենք և հասկանանք, թե որ երկրներում մեծ շանս ունենք, որտեղ ավելի քիչ:

Եթե Հայաստանն է ճանաչում, մենք պետք է հասկանանք, որ սա կարող է կարևոր լինել, բայց դա արմատապես կփոխի ամեն ինչ, այսինքն՝ հասնելու ենք մի կետի, որտեղից վերադարձ չկա: Արդեն չի լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ, չեն լինելու այլ հարթակներ»,- հայտարարեց Բաբայանը:

Արցախի նախագահի խորհրդականը, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, որ ձեռք բերված զինադադարի մասին համաձայնությունը չի նշանակում պատերազմի ավարտ, նշեց.

«Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը երբ ասում է, որ զինադադարը չի նշանակում պատերազմի ավարտ, մենք պետք է միայն «շնորհակալություն» հայտնենք անկեղծության համար, որովհետև իսկապես միգուցե տարօրինակ վիճակ է, բայց ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի՝ մենք ունենք անկեղծ թշնամիներ, որովհետև նրանք երբեք չեն թաքցրել իրենց բուն նպատակը:

Եվ հիմա, որ այդ աղջիկը նման բան է ասում, դրանով ցույց է տալիս իրենց նպատակները, բայց դա չի նշանակում, որ իրենք կարողանալու են իրենց նպատակներին հասնել. մենք, այնուամենայնիվ, պետք է ամեն բանի պատրաստ լինենք և «շնորհակալություն» հայտնենք անկեղծության համար»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը չի ուզում վերցնել իրենց զինվորների դիակները, համաճարակից խուսափելու համար հնարավո՞ր է արդյոք որոշվի հուղարկավորել: Հարցին ի պատասխան՝ Դավիթ Բաբայանը հայտարարեց.

«Տեղ-տեղ իսկապես շատ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, որոշ հատվածներում վիճակը այնքան կրիտիկական է, որ հնարավոր չէ անգամ մոտենալ:

Քանի որ ընթանում են պատերազմական գործողություններ, դժվար է հուղարկավորություն իրականացնել: Այն, որ Ադրբեջանը չի ուզում իր դիակները վերցնել, խոսում է մի քանի հանգամանքների մասին. նախ և առաջ իրենց հանրությանը չեն ուզում ներկայացնել իրական կորուստների թվերը, և Կարմիր խաչը իր գործունեության ընթացքում կբացահայտի վարձկանների առկայությունը:

Բացի դրանից, սա պատերազմը շարունակելու մի ձև է, այսինքն՝ չեն ներկայացնում իրենց կորուստները, քողարկում են և հետո ինչ-որ ձևով փակում են այդ կորուստները:

Ես չեմ կարծում, որ երկարաժամկետ կտրվածքով կարող են թաքցնել իրենց կորուստները, որովհետև որոշ տվյալների համաձայն՝ մոտ 8-10 հազար մարդկային կորուստներ ունեն, իսկ վիրավորները՝ 7-10 անգամ ավելի շատ են»,- եզրափակեց ԱՀ նախագահի խորհրդականը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close