ՆորություններՏնտեսական

«Այն ապրանքները, որը հնարավոր է Հայաստանում արտադրել, պետք է խրախուսվի դրա արտադրությունը, չենք կարող թշնամուն զինել, հարստացնել և դա փամփուշտի տեսքով վերադարձնել մեր դեմ». Ա. Գրիգորյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին նախագիծ:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից և կգործի վեց ամիս ժամկետով: Մինչ այդ պետությունը բիզնեսին կտրամադրի 2,5 ամիս՝ ներմուծման նոր շուկաներ գտնելու համար:

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքը ինչպիսի՞ ազդեցություն կթողնի տնտեսության վրա: Այս և այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

Տնտեսագետի պնդմամբ՝ միշտ կարելի է այլընտրանք գտնել:

«Այն ապրանքատեսակները, որոնք ներմուծվում են Հայաստան, տարեկան կազմում է 70 մլն. դոլարի հագուստ, 35 մլն. դոլարի սարքավորումներ կամ ավտոպահեստամասեր, այդ ամեն ինչին կարելի է գտնել այլընտրանք: Այն մարդիկ, ովքեր փոքրիկ բիզնեսներ ունեին և այդ ներմուծումով ընտանիք էին պահում, կարելի է նրանց համար այլ մեխանիզմներ, այլ կարգավորումներ գտնել. մարդկանց տալ ժամանակ, որպեսզի նրանք այլ երկրների շուկաներ գտնեն:

Մեր տնտեսության վրա կունենա ազդեցություն, բայց պետք է թշնամու հետ սահմանափակել առևտուրը և մարդկանց ուղղորդել Ռուսաստանի, Չինաստանի շուկաներ, որտեղից կարելի է նման ապրանքներ ձեռք բերել:

Թշնամի երկրի հետ առևտուրը պետք է սահմանափակել, մենք երկար ժամանակ ասել ենք դրա մասին, որ պետք է միջոցներ գտնել»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը:

Տնտեսագետի խոսքերով՝ այն ապրանքները, որը հնարավոր է Հայաստանում արտադրել, պետք է խրախուսվի դրա արտադրությունը, պետք է սպառենք տեղականը, և մեր գումարը մեր երկրում պետք է շրջանառվի.

«Այլ տարբերակ չունենք. չենք կարող թշնամուն զինել, հարստացնել և դա փամփուշտի տեսքով վերադարձնել մեր դեմ:

Պետք է զարգացնենք հայրենական արտադրությունը, ռազմարդյունաբերությունը, մեր հանրության կարգավիճակը սպառողից պետք է դառնա տնտեսության լոկոմոտիվը, ՀՆԱ ստեղծող: Հայրենական արտադրություն հիմնելը միակ երաշխիքն է տնտեսության կայունացման: Բնականաբար աշխարհից կտրվել չի լինի, հնարավոր էլ չէ, ուղղակի դիսբալանս ունենք, և այդ դիսբալանսը պետք է կարգավորել օրենսդրական կարգավորումներով:

Այն մարդիկ, ովքեր այս օրերին գնում են Թուրքիա ապրանք են բերում, չկա երաշխիք անգամ իրենց ֆիզիկական անվտանգության համար:

Հետևաբար այդ մարդկանց պետք է ժամանակ տալ, արտոնություններ սահմանել, որպեսզի այդ մարդիկ իրենց մատակարարներին փոխեն այլ աշխարհագրություն: Պետք է աջակցության գործիքներ կիրառել, ճիշտ է՝ հիմա ֆորսմաժորային իրավիճակում ենք, բայց վաղը-մյուս օրը այդ գործիքները կարելի է կիրառել»,- շեշտեց տնտեսագետը:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 268,1 մլն. ԱՄՆ դոլարի արտադրանք, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվել ընդամենը 2,22 մլն. դոլարի արտադրանք (ոսկերչական իրեր, անմշակ մորթիներ, մարդատար ավտոմեքենաներ և այլն):

 Անահիտ Չալիկյան

Back to top button
Close