Նորություններ

ՄԻԵԴ ներկայացվող դիմումներով կարող ենք պահանջ ներկայացնել՝ Ադրբեջանում հայտնված ռազմագերիներին ազատ արձակելու, փոխանակելու մասին. ՄԻԵԴ-ում կան նախադեպեր

ՄԻԵԴ ներկայացվող դիմումներով կարող ենք պահանջ ներկայացնել՝ Ադրբեջանում հայտնված ռազմագերիներին ազատ արձակելու, փոխանակելու մասին։ ՄԻԵԴ-ում արդեն իսկ կան նախադեպային որոշումներ՝ ազատությունից զրկված անձանց ազատ արձակելու վերաբերյալ, ինչպես օրինակ «Իլաշկուն և մյուսներն ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի» գործով։ Չորս դիմումատուները ձերբակալվել էին 1992-ի հունիսին և մեղադրվում էին հակասովետական գործունեության և Մերձդնեստրի օրինական պետության դեմ ապօրինի միջոցներով պայքարելու մեջ, ինչպես նաև՝ այլ ծանր հանցագործությունների, այդ թվում՝ դիտավորյալ սպանության մեջ։ 1993-ի դեկտեմբերին Գերագույն դատարանը դիմումատուներից առաջինին դատապարտեց մահապատժի, իսկ մյուսներին՝ երկարատև ազատազրկման։ Մոլդովայի Գերագույն դատարանը, ստուգելով պատժի օրինականությունը, վճռել էր ազատ արձակել վերջիններիս, սակայն իշխանությունները, այդուհանդերձ ազատ չարձակեցին նրանց։ Վերջիններս իրենց խախտված իրավունքները փորձել են վերականգնել ՄԻԵԴ-ի միջոցով։ Առաջին դիմումատուն կալանքից ազատ է արձակվել 2001թ.։

«Փաստինֆո»-ն իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները ՄԻԵԴ-ի որոշմամբ կարող են ազատ արձակվել և արդյո՞ք հնարավոր է նման պահանջ ներկայացնել, ինչին ի պատասխան Զեյնալյանը հայտնեց, որ նման պահանջ հնարավոր է ներկայացնել և գերեվարված ՀՀ ԶՈՒ զինծառայողներ Արեգ Սարգսյանին և Նարեկ Ամիրջանյանին ազատ արձակելու մասին պահանջ ներկայացվել է։

«Իրավունքի էությունից, բովանդակությունից են բխում նախադեպերը։ Եթե անձն անօրինական է գտնվում անազատության մեջ կամ կա իրավական հիմք՝ ազատ արձակելու, ապա պետք է դա արվի։ Եթե ազատ չարձակվի, ապա կյանքին վտանգ է սպառնում և այլն։ Այն, ինչ տրամաբանական է, ինչ մարդկային է, դա իրավական է, բխում է իրավունքից»,- նշեց Զեյնալյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերեվարված հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի ընտանիքի անդամների անունից ՄԻԵԴ դիմում է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին՝ պահանջելով Դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին գործել միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի և ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման մասին 10.10.2020թ զինադադարի համաձայնությանը համապատասխան և վերջիններիս ԿԽՄԿ հովանու ներքո վերադարձնել Հայաստանի իշխանություններին, մինչև վերադարձը ձեռնարկել բոլոր միջոցները պաշտպանելու նրանց կյանքը և ապահովելու նրանց ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը, ապահովել պատշաճ բժշկական օգնություն։ Դատարանը բավարարել է հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։ Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ զինծառայողները կապ են հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ, հայտնել, որ ողջ են, հոսպիտալում են գտնվում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Թեև հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը խախտել է հրադադարը:

pastinfo.am

Back to top button
Close