Նորություններ

Սա ծավալվող ընդարձակ պատերազմ է, որի նպատակը ոչ միայն 7 շրջաններ վերադարձնելն է, այլ նաև հայ ժողովրդի բնաջնջման ծրագիրը. պատմաբան

«Արցախյան ճակատում տեղի ունեցող պատերազմը սահմանափակ նպատակներով պատերազմ չէ, սա ծավալվող ընդարձակ պատերազմ է, որի նպատակը ոչ միայն 7 շրջաններ վերադարձնելն է, այլ նաև հայ ժողովրդի բնաջնջման ծրագիրը, և թուրք-ադրբեջանական տանդեմը կանգ չի առնի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը:

Պատմաբանի խոսքերով՝ տեղի ունեցողը հատուկ պանթուրքիստական ծրագիր իրագործելու միջոց է, ընդ որում, Ադրբեջանն ընդգծված ռևանշիստական ձգտումներ ունի:
«Թուրքիան միայն զենք-զինամթերքով չէ, որ սատարում է Ադրբեջանին: Թուրքական զորաջոկատների մասնակցությունը ռազմական գործողություններին վկայում է, որ սա հայ ժողովրդի բնաջնջման հերթական ծրագրի իրագործումն է, այսպես ասած՝ մենք գոյապայքարի խնդիր ունենք:
Հայաստանը սեպի նման խրված է նրանց պանթուրքիստական ծրագրում, որովհետև, ըստ էության, Հայաստանը միակ քրիստոնյա պետությունն է, որը նրանց արևելք ծավալվելու ճանապարհին խոչընդոտ է, և նրանք այդ սեպը վերացնելու միասնական ծրագիր են մշակել:
Այնպես որ, միայն Ալիևի քաղաքական նպատակներով իրագործվող ծրագիրը չէ, գործողությունների մեջ Էրդողանի ծրագիրն է»,- ընդգծեց Մինասյանը:
Պատմաբանը, անդրադառնալով տարածաշրջանում իրավիճակի հետագա զարգացմանը, նկատեց.
«Տարածաշրջանի երկրների դիրքորոշումների մեջ ես կուզեի առանձնացնել Վրաստանի ոչ խոհեմ, թուրքամետ քաղաքականությունը:
Պատմությունից դասեր քաղելով՝ մենք պետք է իմանանք, որ 1918-20թթ. Վրաստանը թուրքամետ քաղաքականություն էր վարում Ջավախքում՝ նպաստելով թուրքերի կողմից հայերի կոտորմանը:

Այսինքն՝ մեզ թշնամի պետություններին այսօր միացած է մեր հարևանը, որը իբրև չեզոքություն է պահում, բայց իրականում թուրքամետ քաղաքականություն է վարում:
Մեր մյուս բարեկամ երկիր Իրանը չեզոքություն է դրսևորում, բայց ահաբեկիչների առկայությունը հյուսիսային սահմանին ևս մեկ անգամ վկայում է, որ Իրանը պետք է միջոցներ ձեռնարկի:
Ես կարծում եմ, որ այս գործընթացում Ռուսաստանը քանի դեռ վերջնականապես չի միջամտել, բնական է, որ Ռուսաստանը որպես ռազմավարական դաշնակից ունի իր որոշակի նպատակադրումը: Հարկ եղած դեպքում ռուս-թուրքական հարաբերությունների սրվածության պայմաններում պետք է որ Ռուսաստանը ակնհայտ օգնի և իրագործի մեր բուն քաղաքական նպատակադրումը»,- կարծիք հայտնեց Էդիկ Մինասյանը:
Պատմաբանն ասում է, որ առաջին հերթին հույսը պետք է դնենք մեզ վրա, բայց պետք է նաև ճիշտ կողմնորոշվել.
«Ռուս-հայկական դարավոր բարեկամությունը հաշվի առնելով՝ Ռուսաստանին պետք է որոշակիորեն ներգրավել այդ հակամարտության մեջ: Ռուսաստանը ինքն էլ որոշակի խնդիրներ ունի, և ռուս-թուրքական սրված հարաբերություններն օգտագործելով՝ Ռուսաստանի օգնությամբ հարցերը լուծել»,- ընդգծեց Մինասյանը:
Էդիկ Մինասյանը շեշտում է՝ տարածքային հարցում եթե մենք գնանք զիջումների, դա շատ վատ հետևանքներ կունենա, մեկ շրջան անգամ զիջելը կնշանակի մյուս շրջանների վերադարձնելը:
«Ռազմական գործողություններում ես կասկած չունեմ, որ մեր տղաները հերոսություն են անում, բայց պայքարի բովանդակության պայմաններում պետք է հիշել, որ սեփական պայքարով պետք է հասնել հաջողության, մենք այսօր համազգային պայքարի մեջ ենք. սա հայրենական պատերազմ է: Ազատագրական պայքարի ոգին կա, մեր տղերքն էլ հերոսներ են, և առաջնագծի հաջողությունը պիտի ամրագրվի նաև դիվանագիտական ճակատում, և մենք կհասնենք հաջողության»:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close