Նորություններ

Ոտքից վիրավոր մինչև վերջ շարունակել է մարտը. պատերազմում զոհված Վլադ Ավետիսյանը Ապրիլյանի մասնակից էր

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված կամավոր 23–ամյա Վլադ Ավետիսյանը 2016թ. Ապրիլյան պատերազմի մասնակից էր, Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության բաժնի 4-րդ կուրսի ուսանող։ Ուսմանը զուգահեռ աշխատում էր «Դիջիթեյն» ընկերությունում։

Վլադի մտերիմները NEWS.am–ին տեղեկացրին, որ նա ծառայել է 2015-2017 թվականներին Ջրականում (Ջեբրաիլ)։

«Ինն ամսվա ծառայող էր, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը։ Պատերազմի առաջին իսկ րոպեից դիրքի տղաների հետ պայքարել է թշնամու դեմ։ Վլադը հայրենասեր, չափազանց խելացի, անզիջող, ընկերասեր, նպատակասլաց, պինդ, մինչեւ վերջ առաջ գնացող տղա էր։ Շրջապատում հաճախ էր կատակում ասելով՝ «Սիրում եմ էդ Եվաներին, բայց հայրենիքս ավելի շատ եմ սիրում»։ Միշտ նշում էր, որ երբ հայրենիքին վտանգ սպառնա՝ անհապաղ մեկնելու է հայրենիքը պաշտպանելու»,–պատմեց մեր զրուցակիցը։

Մտերիների խոսքով՝  սեպտեմբերի 27֊ի առավոտյան, լսելով թշնամու հարձակման մասին, Վլադն առանց երկմտելու ուղևորվել է զինկոմիսարիատ, գրանցվել որպես կամավոր և նույն օրը ուղևորվել Արցախ՝ Ասկերան։

«23 տարեկանում երկրորդ անգամ դուրս է եկել պաշտպանելու հայրենի հողը։ Մարտական ընկերները պատմում են, որ մարտի դաշտում ոտքից վիրավորում ստանալով չի լքել և վիրավոր, մինչև վերջին շունչը շարունակել է մարտը»,–պատմեցին հարազատները՝ նշելով, որ միշտ կհիշեն Վլադի անսպառ բարությունը, նվիրվածություն ընտանիքին, ընկերներին։

news.am

Back to top button
Close