Նորություններ

Գծատերերի «ինստիտուտը» պրուրված է գաղտնիքով

Հայտնի է, որ Հանրապետական կուսակցության իշխանազավթման տարիներին կայացվեց ու կատարելագործվեց, այսպես կոչված` «գծատեր» հասկացությունը: Գաղտնիք չէ նաև, որ այդ «ինստիտուտը» ՀՀԿ-ի ֆինանսական աղբյուրներից մեկն էր (անգամ խոսվում էր տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների մասին)…

Գրեթե միշտ երթևեկում եմ մետրոյով: Սակայն օրերս մի քանի անգամ օգտվեցի «հուսահատության» գազելներից: Եվ ակամայից հետևյալ հարցերն առաջացան.

1.Ներկայումս գծատերեր կա՞ն, թե՞ ոչ:

2.Եթե կան ու այդ համակարգն այժմ էլ գործում է, ապա հիմա ո՞ւմ են այդ գծատերերը «մուծվում»:

3.Եթե միաիշխող ՀՀԿ-ին փոխարինել է միաիշխող ՔՊԿ-ն, ապա այդ գծատերերից քանի՞սն են այնքան «դուխով», որ շարունակեն սպասարկել ՀՀԿ-ի «օբշակը», այլ ոչ թե` ՔՊԿ-ի:

4.Եթե «գծատեր» հասկացությունն այլևս անցյալում է, ապա որտե՞ղ են հանգրվանում այդ միլիոնավոր դոլարների հասնող գումարները:

5.Եթե այլևս գումարներ չեն հավաքվում գծատերերի համար, ապա գծատերերի նախկին «փայը» ներկայում ինչպե՞ս է բաշխվում (գրեթե վստահ եմ, որ այդ հսկայածավալ գումարները հաստատապես բաժին չեն հասնում դրանք իրենց քրտինքով վաստակողներին` վարորդներին):

Եվ չմոռանանք, որ ԿԱՐԳԻՆ քաղաքապետը առնվազն երկու տարվա գործունեության երաշխիք է տվել «հուսահատության» գազելներին, հետևաբար` խիստ տրամաբանական է ենթադրել, որ փողի համն առած գծատերերը դժվար թե բաց թողնեին այդ հնարավորությունը:  Իսկ դա նշանակում է, որ մեծ եկամուտների այդ «պրոյեկտը» բնավ էլ  կազմալուծված չէ և նախկինի պես գործում է` պարզապես «օբշակի» անունն ու հասցեն փոխված կլինեն…

Հ.Գ. Վաղուց չեմ օգտվել «մահվան» վերելակներից – հետաքրքիր է` տնտեսական հեղափոխության գլխավոր հիմք հանդիսացող համահայկական շաբաթօրյակի շրջանակներում դրանք նո՞ւյնպես աղբազատվել են…

«Երկիր Ծիրանի» կուսակցության ժողովի անդամ՝  Արամ Ենոքյան

13 ապրիլի 2019թ.

Ավելին
Back to top button