Նորություններ

Հասարակությունը ևս պետք է մասնակցի տեղի ունեցող խոշտանգումների վերաբերյալ ապացույցների հավաքագրմանը. Լարիսա Ալավերդյան

«Ես տեղին և վերին աստիճանի պրոֆեսիոնալ եմ համարում այն, ինչ արվել է ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից, ես կարծում եմ՝ գործընթացները պետք է շարունակվեն, առնվազն պետք է հստակեցնենք, որովհետև իրավաբանական և մյուս գործընթացները չպետք է իրար խառնվեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությանը՝ հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող տեսանյութերին և լուսանկարներին:

Ըստ Ալավերդյանի՝ հասարակությունը ևս պետք է մասնակցի տեղի ունեցող խոշտանգումների վերաբերյալ ապացույցների հավաքագրմանը՝ իր ձեռքին ունեցած հնարավորություններով, դիմումներով և այլն:

«Ընդհանրապես միջազգային ատյանների արձագանքի համար երկար ժամանակ է պետք:

Ես համոզված եմ, որ այս օրերին պետք է ոչ միայն դիմել Եվրոպայի խորհրդին և ՄԱԿ-ին, հայտարարություններ անել և լավ ելույթներ ունենալ, այլ պետք է դա դառնա օրակարգի խնդիր. այն է՝ պատժամիջոցների հասցնել բոլոր բանավոր խոսքերը և խորը ցավակցություններն ու վրդովմունքը, որը արտահայտվում է այլ պետությունների կողմից: Այս առումով ոչ թե մարդու իրավունքների պաշտպանի դաշտից պետք է սպասենք առավել արձագանքի, այլ ավելի քաղաքական ատյաններից:

Ես տեղյակ եմ, որ գերիների սպանության գործով դիմել են «ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ» կոմիտե»,- հայտարարեց ՀՀ առաջին օմբուդսմենը:

Ալավերդյանի կարծիքով՝ այստեղ պետք է դիվանագիտական ճակատն էլ ջանքեր գործադրի:

«Այստեղ է, որ պետք է լինեն որոշումներ, որոնց մեջ նշված են պատժամիջոցները, որոնց պետք է ենթարկվեն թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը:

Փաստահավաք աշխատանքը կարծես թե արված է, և տվյալ դպքում հերթը արդեն հասել է քաղաքական և պետական գործիչներին, որ հասցնեն պատժամիջոցների մակարդակի:

Մինչև մենք չտեսնենք այդ պատժամիջոցների մասին որոշումը, մինչև անգամ այդ որոշման կիրառումը, մնացած ամեն ինչը մնալու է օդում հնչող արձագանքներ»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանը, անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմին, հայտարարեց.

«Թուրքիան և Ադրբեջանը չեն կարողանում անել իրենց նախապես պլանավորած «սև գործը», բայց դա չի նշանակում, որ իրենք դադարեցնելու են իրենց ագրեսիան և ցեղասպանական նկրտումները:

Իրենց առջև դրված խնդիրը՝ բլից-կրիգը առաջին օրերին, առաջին շաբաթվա, երկրորդ շաբաթվա ընթացքում իրենք չկարողացան իրականացնել, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան չունի համապատասխան զենքեր: Թուրքիան շատ լավ գիտի, որ ամեն անգամ, երբ ոտնձգություն է անում, այդ սպառնալիքը իր վրա կախված է պատժամիջոցների և սանկցիաների ձևով»,- նշեց նա:

Լարիսա Ալավերդյանն ընդգծում է՝ ինչքան արել ենք, դեռ դրա տասնապատիկ անգամն էլ գործ ունենք անելու:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հերքում այն մասին, թե իրենք առնչություն չունեն տեսանյութերի հետ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, սակայն, բոլոր աղբյուրները ժամանակին փաստագրել է:

Նշենք, որ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը և նրանց առողջության իրավունքը։ Միևնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչև 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նշված զինծառայողների շահերը ներկայացնում են փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close