Նորություններ

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 32–ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Տ. Մելքոնյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուտի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գեղամ Մկրտչյանի, Արթուր Բաբայանի, Գևորգ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Մաթևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձրարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close