Նորություններ

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ԼՂ հակամարտության գոտու արևելյան ռազմաճակատում ցուցադրել է ադրբեջանական զինուժի կորուստները

WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովն ուղևորվել է ԼՂ հակամարտության գոտու արևելյան ռազմաճակատ՝ ցուցադրելու կատաղի մարտերից հետո Ադրբեջանի զինված ուժերի խոցված ինքնաթիռի ու անօդաչու սարքերի բեկորները։

Այս մասին հայտնում Tert.am-ը։

Պեգովը մանրամասնել է, որ ռազմաճակատի այդ հատվածում թշնամին կիրառել է իր ունեցած գրեթե բոլոր զինատեսակները, սակայն հայկական կողմը կարողացել է հաջողությամբ դրանք շարքից հանել։ Վերջինս զրուցել է նաև զինվորներից մեկի հետ, որը պատմել է ձեռնարկված պաշտպանական գործողությունների արդյունքում թշնամու փախուստի մասին։ Ցուցադրվել է նաև մի քանի մետր հեռավորության վրա գտնվող հակառակորդի հետ փոխհրաձգության տեսանյութ։

Պեգովը նշել է, որ Արցախի պաշտպանական բանակն այժմ աշխատում է միայն հրադադարի ռեժիմը խախտող ադրբեջանական ուժերի զսպման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։
Back to top button
Close