Նորություններ

«Թուրքիան հրահրում է Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողությունները շարունակվեն, և տարածաշրջանը ապակայունանա. Ադրբեջանն ընդամենը գործիք է Թուրքիայի ձեռքում». Կարեն Վերանյան

«Արցախա-ադրբեջանական հակամարտությունը կամ Հայաստան-Ադրբեջան դիմակայությունը վաղուց արդեն դուրս է եկել երկու դիմակայությունների տրամաբանությունից: Անգամ ռուս-թուրքական դիմակայություն չէ, սա ավելի խորը, տարբեր շահերի ներգրավվածությամբ հակամարտություն է»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Կարեն Վերանյանը:

Վերանյանի խոսքով՝ Թուրքիան փորձում է ռազմական գործողություններով ևս մեկ միջնորդավորված հակամարտության գոտի դարձնի պատերազմի օջախ տարբեր տարածաշրջաններում:

«Էրդողանն այսօր իր հավակնություններով մեծ նկրտումներ ունի տարբեր տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքից սկսած, մինչև Հյուսիսային Աֆրիկա, եվրոպական ճակատ, Արևելյան Միջերկրածով և նաև փորձում է ակտիվանալ Կովկասում:

Ընդհանուր առմամբ իհարկե այս տրամաբանությամբ պետք է նայել թե՛ ռազմական գործողությունները, թե՛ տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական գործընթացները, չի կարող այս ամենի մեջ անմասն մնալ նաև Իրանը:

Իրանից հնչող հայտարարությունները, որոնք, ըստ էության, կոշտ են, առաջին հայացքից նաև չեզոք, բայց, ըստ էության, կարծում եմ, որ շատ թիրախային ուղերձներ են պարունակում իրենց մեջ, որոնք ուղղված են տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող փորձերին:

«Թուրքիան հրահրում է Ադրբեջանին, որպեսզի ռազմական գործողությունները շարունակվեն, և տարածաշրջանը ապակայունանա:

Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբերի տեղափոխումը Ադրբեջան և Հարավային Կովկաս, ըստ էության, լուրջ սպառնալիք է Իրանի համար: Թուրքիան Ադրբեջանին օգտագործելով՝ անուղղակիորեն Իսրայելին է մասնակից դարձնում հարավկովկասյան գործընթացին: Իրանում շատ զգայուն են այս հարցերի նկատմամբ: Ահաբեկչական ալիքը շղթայական ռեակցիա է ունենում, դոմինոյի էֆեկտով տարածում նաև Հյուսիսային Կովկաս: Մի քանի դեպքեր եղան, երբ ռուսական կողմը հստակ հակաահաբեկչական գործողություններ իրականացրեց»,- հայտարարեց Վերանյանը:

Արաբագետի կարծիքով՝ պատահական չէ, որ Կադիրովը հայտարարեց, որ ահաբեկիչները եկել են Սիրիայից, և Կադիրովի այդ հայտարարությունը տանում է դեպի Թուրքիա:

«Պատերազմի առաջին իսկ օրերին հակամարտող կողմը, այս դեպքում՝ Ադրբեջանը, հետևում էր Թուրքիայի արձագանքներին: Թուրքիան արձագանքում էր մեզ, հետո նոր հնչում էին ադրբեջանական պաշտոնական արձագանքները: Հիմա մի փոքր փոխվել է, հայտարարությունները հիմնականում հնչում են Ադրբեջանում, բայց իհարկե Թուրքիան շարունակում է թե՛ հայտարարությունների տեսքով, թե՛ սպառազինման, թե՛

դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանին խորքային աջակցության տրամաբանությունը:

Ադրբեջանի կողմից հնչող պաշտոնական հայտարարությունները հիմնականում գալիս են Ադրբեջանի նախագահականից, այսինքն՝ Ալիևն է հնչեցնում պաշտոնական հայտարարություններ և նրա օգնական Հիքմեթ Հաջիևը, չկա պաշտպանության նախարարը՝ Զաքիր Հասանովը, առհասարակ չի երևում, ԱԳ նախարարը գրեթե ստվերում է, և դա թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը դարձել է Թուրքիայի համար ընդամենը գործիք, և պատահական չէ, որ ՊՆ-ից հնչեցին գնահատականներ, որ Ադրբեջանի ռազմական գործողությունների զգալի մասը կոորդինացվում և կառավարվում է Թուրքիայի կողմից: Թուրքիայի այս ծավալով ներքաշումը ռազմական գործողություններին էապես նվազեցրել է Ադրբեջանի սուբյեկտայնությունը, ընդհանրապես այս ռազմական գործողություններում մենք չենք տեսնում Ադրբեջանի զինհրամանատարության դերը՝ ընդհանրապես նրանք չկան այստեղ»,- ընդգծեց փորձագետը:

Կարեն Վերանյանի կարծիքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած գործողությունների վերաբերյալ իրականում միջազգային արձագանք եղել է.

«Եվ դա արդյունք է մեր հայկական երկու կողմերի շատ օպերատիվ արտաքին քաղաքական, դիվանագիտական արդյունավետ աշխատանքի, և կարծում եմ, այդ միջազգային արձագանքի արդյունավետության մասին կարող ենք խոսել՝ հիմք ընդունելով այն, որ փաստացի պաշտոնապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 3 երկրներն էլ ընդունել են, հայտարարել, վերահաստատել են, որ Թուրքիան որպես արտաքին ուժ ներգրավվել է ռազմական գործողություններում և ուղիղ միջամտում է, փորձում է փոխել ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափը:

Վերահաստատել են, որ Թուրքիան է ռազմական գործողություններում ներքաշում տարբեր ահաբեկչական խմբեր, վարձկաններ բերում Ադրբեջան Արցախի դեմ ռազմական գործողությունների համար: Սա ամենասկզբունքային կետերից մեկն է, որ միջազգային հանրությունն այսօր արձանագրում է»,- շարունակեց տարածաշրջանային հարցերով փորձագետը:

Վերջինիս խոսքերով՝ միջազգային հանրության արձագանքը այս պահի դրությամբ բավարար չէ մեզ համար, ինչո՞ւ, որովհետև դրանք մեծ հաշվով հայտարարություններից այն կողմ չեն անցել.

«Իհարկե կան առանձին խաղացողներ, ովքեր բացի հայտարարություններից, նաև հստակ քաղաքական գործընթացների կարևոր կողմ են հանդիսանում: Սա ևս մեկ կարևոր քայլ է, որպեսզի ճնշումները Թուրքիայի հանդեպ մեծանան»,- ընդգծեց նա:

Արաբագետի խոսքերով՝ միջազգային հանրությունը չունի հստակ մեխանիզմներ, որով կկարողանա Թուրքիային զսպել թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Արևելյան Միջերկրածովում, թե՛ Սիրիայում: Միջազգային հանրությունում չկա հստակ կոնսենսուս միջազգային անվտանգության պաշտպանության տեսանկյունից:

Վերանյանն ասում է՝ պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ միջազգային հանրությունից, որ խորքային ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայի նկատմամբ կամ կանխել Էրդողանի հավակնությունները այս կամ այն տարածաշրջանի նկատմամբ:

«Առանձին խաղացողների առումով իհարկե կարող են լինել շատ ավելի կիրառական, շատ ավելի պրագմատիկ քայլեր, եթե ռազմական գործողությունների տրամաբանությունում տեղ գտնեն ֆորսմաժորային անկանխատեսելի իրավիճակներ: Նման իրավիճակների հավանականության դեպքում միգուցե առաջին քայլը Ֆրանսիան անի՝ ճանաչելով Արցախի անկախությունը:

Չնայած Միացյալ Նահանգները ինչ-որ առումով որպես գերտերություն շատ ավելի զգուշավոր է և հետևողական կեցվածք է ընդունել թուրք-ադրբեջանական գործողությունների նկատմամբ, բայց այդուհանդերձ Միացյալ Նահանգներից հնչում են ուղերձներ, որոնք հասցեական են, թիրախային, և թիրախում առաջին հերթին Թուրքիան է:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկու հայտարարություն արեց. մեկը ռազմական գործողությունների, մասնավորապես նշում է, որ արտաքին ուժերը չպետք է միջամտեն հակամարտությանը: Արտաքին ուժը նա է, որ ըստ էության դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակից. դա Թուրքիան է, որը եռանախագահության ձևաչափում չի տեղավորվում:

Իսկ Պոմպեոյի մյուս հայտարարությունը վերաբերում էր նրան, որ Թուրքիան զինում է Ադրբեջանին: Սա, կարծում եմ, ԱՄՆ-ի պաշտոնական մոտեցումն է»,- ընդգծեց արաբագետը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close