Նորություններ

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում 56 հիվանդ է բուժում ստանում, 972 քաղաքացի ունի տնային ինքնամեկուսացման ցուցում»

Երեկվանից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է, իրականացնում է Covid-19-ով վարակված պացիենտների բուժումը:

«Երեկվա դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում փաստացի բուժում է ստանում 56 հիվանդ: 972 քաղաքացի ունի տնային ինքնամեկուսացման ցուցում, նրանցից 345-ի մոտ թեստի արդյունքը դրական է եղել:

Երեկվա դրությամբ կատարվել է 344 նմուշառում, 54-ի մոտ թեստի պատասխանը դրական է եղել, ինչը կազմում է 15%:

Սեպտեմբերի 10-ի դրությամբ մարզում կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է մահվան 55 դեպք»,- այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեցին Շիրակի մարզպետարանից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Գյումրու ինֆեկցիոն վերապրոֆիլավորված հիվանդանոցը չէր զբաղվում Covid-19-ի բուժումով, իրականացնում էր տրիաժ գործառույթ, այսինքն՝ կասկածելի դեպքերի ընդունում, հայտնաբերում:

Նշենք, որ հոկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59995 դեպք, որոնցից 47119-ն՝ առողջացած, 1046-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11519 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 336111 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 3957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1371 նոր դեպք: Առողջացածները 406-ն են:

Back to top button
Close