Նորություններ

Հակառակորդը նոր մարտավարություն է ընտրել՝ առավելագույն հետեւակայիններ. Ա. Հովհաննիսյան

Առավոտյան հակառակորդը վերսկսել է գրոհելու փորձերը հիմնականում հյուսիսում եւ հարավում: Բայց հարավում մի փոքր այլ ուղղություն է վերցվել, ոչ թե Արաքսի հովիտը: Այս մասին հոկտեմբերի 14-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, հակառակորդը դիմել է նոր մարտավարության, իրականացնում է ինտենսիվ գնդակոծություն, օգտագործում է հիմնականում հետեւակայիններ նվազագույն զրահամեքենաներով: «Հետեւակը շարժվում է խիտ շարասյուներով: Մասնավորապես, այս մարտավարությունն օգտագործվում է բարձունքներ գրավելիս: Տեսանյութեր կան, մենք ամեն ինչ ցույց չենք տալիս: Բայց ես կասեմ, որ հավանաբար այդպիսի բան նախկինում միայն կինոնկարներում եք տեսել: Արդյունքում հակառակորդը կենդանի ուժի շատ մեծ կորուստներ է ունենում»,- ասաց Հովհաննիսյանը:

Գիշերը ճակատամարտի ուժգնությունը փոքր-ինչ նվազում է:

Անդրադառնալով Հայաստանի տարածքի գնդակոծությանը՝ ՊՆ ներկայացուցիչն նընդգծեց, որ նման գործողությունները օրինականացնում են հայկական կողմի պատասխանը: Ինչ վերաբերում է հիվանդանոցի գնդակոծությանը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դա միջազգային նորմերի կոպիտ խախտում է եւ պետք է դառնա համաշխարհային հանրության ուշադրության առարկան: «Չնայած մեզ դա չի զարմացնում: Եթե կարելի է գնդակոծել եկեղեցին, ինչու չի կարելի գնդակոծել հիվանդանոցը»,- ասաց Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ օրվա ընթացքում հակառակորդը օգտագործել է ավիացիա, սակայն մեծ հաջողության դրանով չի հասել։

Back to top button
Close