Նորություններ

«Մեզ պարզապես վերջնագիր է տրվում, և վերջնագիրը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ, հակառակը՝ այն պատերազմի թեժացման ճանապարհ է». Ն. Դիլբարյան

«Վարչապետի այսօրվա հայտարարությունն ամբողջ ժողովրդին մոբիլիզացնելու և ճշմարտությունը տեղեկացնելու եղանակ էր, որովհետև դեռ մինչ այդ էլ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ նա նշել էր, որ Ալիևը ուզում է, որ 5 շրջանները վերադարձնենք, և լինի թվացյալ խաղաղություն, բայց պարզ է, որ այդ խաղաղությունից հետո մենք հանձնելու ենք Արցախը և մնացյալ ամեն ինչ, արդեն պարզ է: Հիմա հստակ դարձավ, որ այդ ուղերձը ոչ թե առանձին հանդիպումների ձևաչափով պետք է հնչեր, այլ պետք է ուղղվեր ամբողջ ժողովրդին և՛ Հայաստանում և՛ Սփյուռքում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա տեսաուղերձին:

Նարինե Դիլբարյան

«Ես կարծում եմ, որ չկան միամիտներ, որոնք կարծում են, թե այդ 5 շրջաններից հետո «երաշխավորված» խաղաղությունը կլինի, այդ խաղաղությունը չի լինի, և մենք այդ խաղաղությունից հետո պարզապես փուլ առ փուլ հանձնելու ենք մեր տարածքը և վտանգելու ենք մեր ժողովրդի անվտանգությունը: Լինելու է նոր հայրենազրկում, նոր գաղթ և, ըստ էության, դա նշանակում է, որ մենք և Արցախը համաձայնվում ենք էթնիկ զտումների ցեղասպանության գործընթացի, որը չի կարող լինել»,- կարծիք հայտնեց Դիլբարյանը:

Վարչապետը դեռևս պատերազմի առաջին օրերից չէր բացառում, որ Արցախի անկախության ճանաչման գործընթաց կարող է սկսվել, ինչքանո՞վ է հնարավոր Արցախի անկախության ճանաչումը՝ հաշվի առնելով, որ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ, որ կխզի կապերը ցանկացած պետության հետ, ով կճանաչի Արցախի անկախությունը:

Հարցին ի պատասխան՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահը հայտարարեց.

«Ինձ զարմացնում է, որ Իլհամ Ալիևի և հատկապես նրա թիկունքում արդեն ոչ թե թաքնված, այլ բացահայտ գործող Էրդողանի առջև բոլորն ընկրկում են, այսինքն՝ իրենց սպառնալիքները, չգիտես ինչու, կուլ են տալիս: Համաշխարհային մշակույթի, մարդու իրավունքների դեմ կատարված բոլոր այդ երևույթների հանդեպ տեղի է ունենում ինչ-որ նահանջ, այսինքն՝ նրանք պատրաստ են ականջալուր լինել:

Ես կարծում եմ, որ հիմա վտանգված է ոչ միայն Արցախի անկախությունը, այլ ընդհանրապես Հայաստանի՝ իբրև ինքնիշխան պետության գոյությունը, ուղղակի գոյաբանական վտանգի առաջ է կանգնած:

Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները չճանաչեն Արցախի անկախությունը, և ճանաչմանը պետք է հետևեն ռեալ քայլեր, եթե ճանաչվելիք պետության հանդեպ ցեղասպանություն և ահաբեկչական պատերազմ է սկսվել, և դրա հանդեպ չձեռնարկվեն պատժամիջոցներ, ապա ճանաչումը մնալու է թղթի վրա»,- շեշտեց Դիլբարյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար խաղաղապահների տեղակայության մասին, նա նկատեց.

«Լավրովը կարող էր մեկնաբանել, թե ինչ նկատի ունի խաղաղապահների տեղակայում ասելով:

Աշխարհում լինում են երկու տեսակի խաղաղապահներ՝ որոնք պարզապես գնում և հսկում են՝ խաղաղությունը կա, թե ոչ, և կա խաղաղապահների երկրորդ տեսակ, որը պարտադրում է, ուժով, համապատասխան գործիքներով ապահովում է այդ խաղաղությունը:

Նախ պետք է այդ հարցը պարզաբանվի, և երկրորդ՝ պետք է պարզաբանվի, թե որ գծի վրա են տեղակայվելու կամ իրենց գործունեությունը կատարելու խաղաղապահները:

Մենք գիտենք Լավրովի պլանի մասին, ըստ էության, հիմա փաստորեն, եթե դատենք հնչած ձևակերպումներից, որ 5 շրջան խաղաղության դիմաց, այսինքն՝ հիմա խաղաղապահները որտեղ են տեղակայվելու՝ մեր ազատագրված տարածքներում կամ միջդիրքային տարածությունում բուֆերային գոտում, որը կատաղի միջոցներով ահաբեկիչների և Թուրքիայի օգնությամբ հիմա Ադրբեջանը զավթում է և էթնիկ զտումներ է իրականացնում:

Այսինքն՝ սա հայտարարություն է, բայց ամեն ինչ թաքնված է մանրուքներում, դեռ որևէ հստակություն չկա: Ընդհանրապես մինչև խաղաղություն պահպանելը պետք է այդ խաղաղությունը բերել և նոր մտածել այն պահպանելու մասին: Ես խաղաղություն չեմ տեսնում, մեզ պարզապես վերջնագիր է տրվում, և վերջնագիրը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ, ճիշտ հակառակը՝ այն պատերազմի թեժացման ճանապարհ է»,- ընդգծեց նա:

Նարինե Դիլբարյանի պնդմամբ՝ բանակցային գործընթացի ճանապարհով ցանկացած խնդիր կարելի է լուծել։ Սակայն հավելում է՝ ուժն է ծնում խաղաղության իրավունքը. դա բանաձև է, որը գործում է:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close