Նորություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել է 3 ավտոմեքենա. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 45-ամյա Մարտուն Մամոյանի վարած ВАЗ 211440 մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Գևորգ Քերոփյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և Երևանի բնակիչ, 49-ամյա Տիգրան Եղիազարյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներից երկուսին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները: Օպերատիվ են գործել նաև Աշտարակի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վիրավորներին մինչև բժիշկների և փրկարարների ժամանումը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող խանութի և բենզալցակայանի աշխատակիցները: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ վարորդներից Մ. Մամոյանը եղել է ոչ սթափ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close