Նորություններ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու ГАЗ 53-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3.5-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և ավտոմեքենաներից դուրս են բերել վիրավորներից երկուսին:

Օպերատիվ են գործել նաև Սպիտակի և Վանաձորի բժշկական կենտրոնների բժիշկները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close