Նորություններ

«Փաստորեն, այսօր որդի Ալիևը հոր փառքն էր ուզում կրկնել՝ Մրովդաղն անցնել. այ սենց ժառանգաբար, հորից որդի, բաշկոմանդիր են խաղում»

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստորեն, այսօր որդի Ալիևը հոր փառքն էր ուզում կրկնել՝ Մրովդաղն անցնել:

1994-ի հունվար-փետրվարի Մրովդաղի գործողությունը կամ Օմարի ճակատամարտը Ղարաբաղյան պատերազմի, գուցե, ասենք, ամենատարօրինակ գործողություններից էր:

Հունվար ամսին ադրբեջանական բանակի երեք բրիգադ ձյուն-ձմեռով անցնում են Օմարի լեռնանցքը՝ մինչև 3000 հազար մետր սարերով (որտեղ նույնիսկ հոկտեմբերին է արդեն ձմեռ) ու մտնում են Քելբաջար:

Ու քանի որ զուգահեռ՝ Մարտակերտից չեն կարողանում ճեղքել ճակատը, Քելբաջարում հայտնվում են շատ ծանր դրության մեջ: Երեք կողմից հայեր, չորրորդից՝ նույն Մրովի լեռները: Փետրվարին դուրս են շպրտվում, ընկնում շրջափակման մեջ, կոտորվում, մնացորդներն էլ մեռնում են սառելուց՝ փախուստի ճամփին:

Կենդանի մնացածների հուշերը սարսափելի են: Ասում են, շատ զինվորներ պարզապես խելագարվում էին բառիս բուն իմաստով, հալյուցինացիաներ տեսնում ցրտից, գցվում էին ձների մեջ՝ իրանց թվում էր տաք ջուր է, չդիմացող ու կանգ առնողները սառում-մեռնում էին և այլն: Հազարավոր զոհեր տվեցին:

Մի խոսքով սա ավագ Ալիևի ու նրա գեներալների «ամենափայլուն» մտահղացումներից էր:

Թվում էր, էլ երբեք նրանց մտքով չպիտի անցնի Օմարն անցնել: Թեկուզ և հունվար-փետրվար չի, այլ հոկտեմբեր է: Բայց աշխարհագրությունը նույնն է:

Բայց արի ու տես, որ նորից ու նորից փորձում են:

Այս պատերազմում արդեն առաջին փորձը չէ: Բայց ինչպես Արծրունից իմացաք, ամենաուժեղն է եղել: Այ սենց ժառանգաբար, հորից որդի, բաշկոմանդիր են խաղում»:

Back to top button
Close