Նորություններ

«Թրամփի վարչակազմի քաղաքականությունում Արցախյան կոնֆլիկտի լուծումը երբեք չի դասվել արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքը»

«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ավելի շատ ակնկալիքներ չպետք է ունենալ ԱՄՆ-ից, և այդ տեսանկյունից լրիվ բնական է նրանց կողմից դրվող երկկողմ հավասարության նշանը»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Մովսես Հարությունյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը, ըստ որի կոչ է արվել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել Մոսկվայում հաստատված հրադադարի պայմանավորվածությունները։

Քաղաքագետի խոսքերով՝ ԱՄՆ-ի հետաքրքրության կորուստն այս կոնֆլիկտի նկատմամբ նոր չէ: «Թրամփի վարչակազմի քաղաքականությունում Արցախյան կոնֆլիկտի լուծումը երբեք չի դասվել արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքը։ Բացի դա, այսօր ԱՄՆ-ն զբաղված է ներքին հիմնահարցերով. երկրում թեժ նախընտրական պայքար է, և գործող իշխանության ուշադրության կենտրոնում բացառապես Դոնալդ Թրամփի վերընտրման հարցն է։ Չպետք է մոռանալ նաև երկրի քաղաքական շահը, որն ամենագերական է միջազգային հարաբերություններում»,-ընդգծեց Հարությունյանը։

«Միջազգային արձագանքն այս պահին այնքան էլ գոհացնող ու բավարար չէ: Մենք կոչերից զատ խաղաղության հասնելուն միտված գործնական քայլեր գրեթե չենք տեսնում, բացառությամբ մեկ-երկու չհաջողված փորձերի։ Եթե շարունակվեն նմանաբնույթ կոչ-հայտարարությունները, չեմ կարծում, որ էական փոփոխություն կլինի ադրբեջանաթուրքական ագրեսիոն հռետորաբանության մեջ։ Ժամանակն է, որ միջազգային հայտարարություններում այլևս չդրվի երկկողմ հավասարության նշան, և Ադրբեջանը հռչակվի ագրեսոր երկիր, ինչին էլ կհետևեն կոնկրետ սանկցիաներ և գործողություններ»,-շարունակեց քաղաքագետը։

«Մեր դիվանագիտության առաջնային նպատակն է՝ հնարավոր բոլոր միջոցներով հասնել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիայի զսպմանը և ի վերջո խաղաղություն պարտադրել։ Շատ կարևոր է նաև այն երկրների հետ աշխատանքը, որոնք այս օրերին շարունակում են զինել Ադրբեջանին՝ այդկերպ նպաստելով պատերազմի շարունակմանը։

ԵԱՀԿ Մինսկի խումբ-ԱԳ նախարարներ հանդիպումներից լուրջ ակնկալիքներ ունենալն այս պահին իրատեսական չէ։ Մենք տեսանք, թե ինչպես Ադրբեջանը խախտեց նույն ԱԳ նախարարների մակարդակով Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Ուստի այս տեսանկյունից դժվար է սպասել, որ նույնաբովանդակ բանակցությունների արդյունքում Ադրբեջանի վարքում կարող են տեղի ունենալ էական փոփոխություններ»,-եզրափակեց քաղաքագետը։

Անահիտ Չալիկյան

 

Back to top button
Close