Նորություններ

«Եթե Թուրքիան նախիրի նման ադրբեջանցիներին մարտի չքշի, նրանք կռվելու ոչ ցանկություն ունեն, ոչ հնարավորություն. Ադրբեջանը վճռական բեկում մտցնելու ռեսուրս այլևս չունի»

«Այն բլից-կրիգը, որին ադրբեջանցիները տարիներով պատրաստվել էին, ձախողվեց, կայծակնային պատերազմ նրանց մոտ չստացվեց: Ադրբեջանը կրել է սարսափելի, կրիտիկական կորուստներ և պատերազմի սկսելու ձև իմանալով՝ չգիտի այն ինչպես ավարտի, որովհետև հենց վերջացրեց, առաջանալու են հարցեր, քանի որ Ալիևը հայտարարել է, որ պատերազմը սկսում են, որովհետև գնում են Ղարաբաղը գրավելու. հիմա նրան կհարցնեն՝ և ի՞նչ, գրավեցի՞ր Ղարաբաղը, և Ալիևը չունի այդ հարցի պատասխանը»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետի խոսքերով՝ Ադրբեջանի վերջին օրերի ինքնավարկաբեկումը բացառապես պայմանավորված է դրանով:

«Այսօր փաստորեն մենք տեսնում ենք, որ եթե Թուրքիան նախիրի նման նրանց մարտի չքշի, նրանք կռվելու ոչ ցանկություն ունեն, ոչ հնարավորություն։ Ադրբեջանը վճռական բեկում մտցնելու ռեսուրս այլևս չունի. դա ռազմական առումով, իսկ քաղաքական առումով՝ Ադրբեջանն ինքն իրեն զրկեց բոլոր ռեսուրսներից»,- հայտարարեց Մեհրաբյանը:

Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով Արցախի անկախության ճանաչմանը, նշեց.

«Արցախի անկախության ճանաչման հարցով գնում են շատ ակտիվ քննարկումներ: Մենք այդ մասին լսեցինք պաշտոնական հաղորդագրություններից, որ հարցը հենց այդպես է դրվում, երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԱԺ խորհրդի հետ, արտախորհրդարանական ուժերի հետ, արտասահմանյան դիվանագետների հետ: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներում, ուղերձներում, պաշտոնական հաղորդագրություններում կարմիր թելով Արցախի ճանաչման հարցն է գնում:

Իհարկե սա այն հարցն է, որ Հայաստանը պետք է միայնակ չմնա: Այսինքն՝ չպետք է այնպես լինի, որ մենք ճանաչենք ու անցնենք մի կողմ, և դրանով ամեն ինչ վերջանա: Մենք այդ իմաստով Արցախը չենք կարող վերածել Հյուսիսային Կիպրոսի:

Այդ քայլը պետք է ընկալելի լինի մեր բարեկամ միջազգային գործընկեր և դաշնակից պետություններին, և ավելին, պետք է գործնական սատարում ստանա նրանց կողմից, և այդ ժամանակ նոր պետք է այդ քայլն անել»:

Մեհրաբյանի կարծիքով՝ Արցախի ճանաչման խնդիրը կդառնա զսպող գործոն թուրք-ադրբեջանական տանդեմի համար:

«Մենք տեսնում ենք, որ այս պատերազմում առկա է թուրքական գործոնը, անմիջական մասնակցությունը, ահաբեկիչների ներկայությունը. դա այլևս ապացուցված փաստ է, բայց չեմ կարող ասել՝ այս պահին Թուրքիայի մասնակցությունը թուլացել է, թե ոչ»,- նշեց նա:

Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով հոկտեմբերի 10-ից ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությանը և Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանը, հայտարարեց.

«Սա իրական հրադադար էր, որի մասին համատեղ հայտարարությամբ հանդես եկան կողմերը, այլ հարց է, որ ադրբեջանական կողմը աջ ձեռքով հայտարարություն արեց հրադադարի, իսկ ձախ ձեռքով շարունակեց պատերազմը, իսկ որոշ ուղղություններով ուժգնացրեց իր նախահարձակ գործողությունները, այդ թվում նաև դիվերսիոն հետախուզական մեծ խումբ ուղարկեց Արցախի թիկունք. մասնավորապես՝ Հադրութ շրջկենտրոնի մերձակայք:

Այս հրադադարի հեղինակը Ռուսաստանն է, բայց նաև այս հրադադարը կպահպանվի, թե չի պահպանվի, այդ ամենը նաև դիտարկվում է Ռուսաստանի հեղինակության հարթության վրա: Ռուսաստանը կանի քայլեր, որոնք ուղղված են լինելու, իր պատկերացումով, իր հեղինակությունը փրկելուն»:

Մեհրաբյանի կարծիքով՝ բանակցությունները պետք է վերսկսվեն, բայց կայուն և տևական հրադադարից հետո:

«Բանակցությունների բովանդակության մեջ չեն կարող չմտնել այն փոփոխությունները, որոնք պայմանավորված են պատերազմական գործողություններով, բայց դա առաջիկայի անելիք է. այս պահին պատերազմն է և պատերազմում մեր անելիքները՝ ռազմական, ռազմաքաղաքական առումով, որպեսզի չեզոքացվի հակառակորդի սանձազերծած հարձակումը, որին կհետևի հումանիտար հրադադար»,- եզրափակեց քաղաքագետը:

 Չալիկյան Անահիտ

Back to top button
Close