Նորություններ

Մեր գործն է լինել վիրավորի կողքին․ Ֆրանսիայից բժիշկների խումբը ժամանեց Երևան

Ֆրանսիահայ սիրտ -անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության աջակցությամբ  քիչ առաջ Երևան ժամանեցին Ֆրանսիայից բժիշկների խումբ, որոնք օգնելու են Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։ Բժիշկների այցը ֆինանսավորել է «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգները։

«Բնական է, որ մեր այցը պետք է  լիներ։ Յուրաքանչյուր հայ մարդ պարտք ունի հայրենիքի համար ինչ-որ բան անելու այս կամ այն ձևով, որն էլ արվում է։ Ես փորձեցի այս կերպ անել։ Շատ շնորհակալ եմ իմ գործընկերներին, որոնք արձագանքեցին իմ կանչին։ Առանց տարակուսելու ինձ հետ եկան Հայաստան՝ մեր գործընկերներին աջակցելու այս դժվարին օրերին»,-«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Խաչատրյանը։

Ֆրանսիայից ժամանած բժիշկների խումբը ռազմական գոտիներում աշխատելու փորձ ունի։ Նրանք  Հայաստան են  այցելել է մեկ շաբաթով։ Սակայն, իրավիճակի փոփոխության դեպքում, իրենք ևս կենթարկվեն այդ փոփոխություններին։

«Հիմա երկրագնդում համաճարակային իրավիճակն էնպիսին է, որ ոչ ոք չգիտի, թե վաղն ի՞նչ է լինելու։ Այդ իսկ պատճառով այս խմբի կազմավորումը, նյութեղեն ու սարքավորումներ հավաքելը արդեն խնդիր էր ներկայացնում։ Մենք գալուց շատ երկար-բարակ չենք մտածել, թե հետո ինչ կլինի։ Հիման անենք, հետագայի համար հետո կմտածենք»,- ասաց Լևոն Խաչատրյանը։

Ստեփանակերտում և Արցախի այլ քաղաքներում հրթիռակոծություններ են լինում։ Հարցին, թե պատկերացնո՞ւմ են՝ ինչ պայմաններում են աշխատելու և ի՞նչ  ծավալի աշխատանք է իրենց սպասվում, Ֆրանսիացի բժիշկներն ասում են՝  և՛ վախենում են, և՛ ոչ։ Գիտակցում են, որ աշխատանքը մեծ ծավալի է,  բայց արձանագրում են՝ Հայաստանում են։

«Ես վախ ունեմ, բայց ամենից առաջ ես վիրաբույժ եմ»,- ասաց բժիշկներից Պատրիկ Կնիպերը։

Բժիշկներն արձանագրում են, որ անկախ պատճառներից՝ իրենց գործն է վիրավորի կողքին լինել։

Back to top button
Close