Նորություններ

«Հադրութը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ. մարտական գործողությունները շարունակվել են հարավային ուղղությամբ»

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը նորից սկսել են բուն մարտական գործողությունները։ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններն Ադրբեջանը բացարձակապես չի կատարել և չի էլ պատրաստվել կատարելու։ Ադրբեջանի ղեկավարության կողմից հայտարարություններն այն մասին, որ նրանք պատրաստակամ են եղել կատարելու այդ պայմանավորվածությունները, լիովին կեղծիք են»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ռազմաճակատում տիրող իրավիճակին։

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանն ինչ-ինչ պատճառներով փորձում է մշտապես ապակայունացնել իրավիճակը և սանձազերծել մարտական գործողություններ։ «Վաղ առավոտյան նորից սկսել են հարձակողական գործողությունները 3-4 ուղղություններով։ Մարտակերտի ուղղությամբ կիրառել են ծանր հրետանային միջոցներ։ Ամբողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ռազմաօդային ուժերը թուրքական օդուժի պատսպարմամբ, հետախուզման և կառավարման աջակցության տակ կիրառելով ԱԹՍ-ներ՝ կատարել են 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր ՀՕՊ ուժերը խոցել են 1 ՍՈՒ-25 գրոհիչ»,-հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով՝ օրվա ընթացքում տարբեր ձևերով մարտական գործողությունները շարունակվել են հարավային ուղղությամբ՝ զրահատեխնիկայի և այլ միջոցների կիրառությամբ։ «Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն հետախուզական գործողությունները կասեցվել են, հակառակորդը հետ է շպրտվել»,-շարունակեց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանը վստահեցրեց՝ Հադրութ քաղաքը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Մարտերը շարունակվում են: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը գիշերային ժամերին վերախմբավորումներ եւ վերադասավորումներ է իրականացնում։

Back to top button
Close