Նորություններ

«Առաջնային հարցը Արցախի ճանաչումն է, առանց Հայաստանի կողմից ԱՀ ճանաչման շատ դժվար է պատկերացնել հրադադարի իրականացումը». քաղաքագետ

«Ես դժվարանում եմ ասել՝ ինչպիսի գործողություններ է պետք անել, երբ ռազմական գործողությունների ժամանակ ինչ-որ մի պետություն սպառազինություն է մատակարարում կոնֆլիկտի կողմերից մեկին, բայց վստահ եմ, որ սահմանափակող գործողություններ տարբեր միջազգային հարթակներում իհարկե գոյություն ունեն, և այս պահի դրությամբ զսպող քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, այնպես չէ, որ նման գործողությունները հնարավոր չէ կանխել»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին ժամանակակից սպառազինության մատակարարմանը:

Ղուկասյանի խոսքերով՝ այդպիսի գործողությունները պետք է Հայաստանի կողմից դատապարտվեն և ունենան իրենց համապատասխան բացասական հետևանքները:

«Մեր պետությունը ձգտում է Վրաստանի հետ պահպանել բարիդրացիական հարաբերություններ, բայց կան երրորդ երկրներ, ովքեր կարող են ազդել այդ գործողությունների մասնակիցների վրա: Առաջինը Միացյալ Նահանգներն է, բացի այդ, Եվրամիությունը և Եվրամիության պետությունները: Մենք բազմիցս մեղադրանքներ ենք լսել տարբեր աղբյուրներից, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորված կառավարությունն արևմտամետ է, ես ինքս այդ ամենը չեմ համարում իրականությանը համապատասխան, բայց հասկանալի է, որ Վրաստանի և Իսրայելի վրա ազդող լծակները Ռուսաստանում չեն, այդ լծակները ԱՄՆ-ում է, Եվրամիությունն է, և այնտեղ պետք է հայկական դիվանագիտությունը գտնի այդ խնդիրների լուծումը, եթե առ այսօր չի գտել, ապա դա նշանակում է, որ կան լուրջ բացթողումներ այդ ուղղություններով մեր արտաքին քաղաքականության մեջ, և այդ բացթողումները հավանաբար այսօր չեն ձևավորվել, այլ ի հայտ են գալիս այսօր»,- շարունակեց Ղուկասյանը:

Անդրիաս Ղուկասյան

Քաղաքագետի խոսքերով՝ երբ ուսումնասիրում ենք Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի դինամիկան, կարելի է ասել, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հռետորաբանությունը որոշակիորեն փոխվել է:

«Սկզբնական ռազմական պլանները, որը Թուրքիան և Ադրբեջանը միասին մշակել էին, չեն իրականացել, սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 3-ը, կարելի է ասել, ռազմական գործողությունների առաջին փուլն էր, և այդ ընթացքում ադրբեջանական բանակի փորձերը՝ ճեղքումը արցախյան ճակատ, բոլոր ուղղություններով ձախողվեց: Հոկտեմբերի 4-ից հետո Ադրբեջանը ճակատ նետեց իր ռեզերվները, որոնց հաջողվեց որոշակի առաջընթաց ունենալ, առ այսօր տեսնում ենք, որ մարտական գործողությունները չեն ավարտվել. թեպետ Ադրբեջանը հայտարարում է, որ հարավային հատվածում՝ կոնկրետ Հադրութ քաղաքի տարածքում, մարտական գործողություններ չեն իրականացնում, բայց գիտենք, որ հրադադարը հայտարարելուց անցել է երկու օր, և, այնուամենայնիվ, մարտական գործողությունները այս շրջանում շարունակվում են»,- ընդգծեց Ղուկասյանը:

Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ հիմա առաջնային հարցը Արցախի ճանաչումն է.

«Արցախի համար դա շատ քաղաքական նշանակություն ունեցող հարց է, և առանց Հայաստանի կողմից ԱՀ ճանաչման շատ դժվար է պատկերացնել հրադադարի իրականացումը:

Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը միջազգային հանրության համար բացում է ճանապարհ, բայց միջազգային հանրությունն այսօր չի կարող նման քայլ անել, որովհետև Հայաստանը բանակցային կողմ է, հարկավոր է, որ Հայաստանն այդ քայլը անի, որպեսզի մյուս պետությունները նույնպես կարողանան, այդ եղանակով ճանաչեն Արցախի պետությունը և անվտանգության միջազգային երաշխիքները տարածել արցախահայության վրա:

Այս պահի դրությամբ արցախահայության կարգավիճակն այն է, որ նրանք ապստամբներ են, և նրանք կռվում են Բաքվի կառավարության դեմ: Միջազգային հարաբերությունների տեսանկյունից այդ կարգավիճակն է, և անհրաժեշտ է, որ այդ կարգավիճակը փոխվի, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս Հայաստանի, անի առաջին քայլը, որպեսզի դառնա գործող մեխանիզմ Ադրբեջանի և բնականաբար Թուրքիայի ռազմական գործողությունները զսպելու համար:

Մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների շարունակությունը հարկավոր է ստանալ խորհրդատվական եզրակացություն միջազգային դատարանից հետևյալ հարցի վերաբերյալ՝ 1992թ. հունվարին Արցախի իշխանությունների կողմից հռչակած անկախությունը համապատասխանո՞ւմ է միջազգային իրավունքի նորմերին, թե՞ ոչ: Այդ հարցի իրավական եզրակացությունն այն կարևոր բաղադրիչն է, որը կարող է էական ազդեցություն ունենալ բանակցությունների վրա և մեզ բոլորիս կմոտեցնի խնդրի արդար լուծմանը:

Այսօր այդ գործընթացն անտեսվում է, որը, ըստ իս, հասկանալի է շատերին, որ Արցախի Հանրապետության հռչակումը 1992թ. եղել է օրինական քայլ, և այն ամենը, ինչ մինչ օրս կատարվել է Արցախի Հանրապետության դեմ, եղել են անօրինական գործողություններ, և այդ պատճառով ԱՀ-ն ունի ողջամիտ պահանջ, այն է՝ ունենալ անվտանգ սահմաններ»,- եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close