Նորություններ

Հադրութում երեկ ադրբեջանական զինված ուժերը սպանել են չորս քաղաքացիական անձի

Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում հոկտեմբերի 10-ին ադրբեջանական զինված ուժերը չորս քաղաքացիական անձի են սպանել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսին հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Երեկ հրադադարի պայմանավորվածությունից հետո դիվերսիոն ադրբեջանական խումբը ներթափանցել է Հադրութ, ըստ որոշ տվյալների` նաև վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ, այնտեղ ահաբեկել են բնակչությանը, վառել են որոշ տներ, նաև սպանել են որոշ քաղաքացիական անձանց,: Երեկվա դրությամբ մենք տեղեկություններ ունեինք երկու հոգու մասով՝ հաշմանդամություն ունեցող մեկ երիտասարդ և նրա մայրը, որոնց սպանել են գնդակահարելով: Քիչ առաջ մենք տեղեկություններ ստացանք նաև երկու լրացուցիչ քաղաքացիական անձանց մասով` Նվեր Գրիգորյան և Արտյոմ Միրզոյան, ովքեր նույնպես սպանվել են: Առաջին երկուս քաղաքացիական անձինք սպանվել են իրենց տանը, ինչը նշանակում է, որ ուղղակի ներխուժել են տուն և գնդակահարել»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը հավելեց, որ հաշմանդամություն ունեցող երիտասարդը մի քանի տեղից գնդակահարված է եղել, նաև կրակել են նրա ափին, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նա կամ ափն առաջ է պարզել՝ փորձելով պաշտպանվել, կամ ցույց է տվել, որ անզեն է, իսկ ադրբեջանցիները կրակել են նրա ձեռքին:

«Եղել է ահաբեկչություն, պատերազմական հանցագործություն, և պետք է հանգամանքները պարզենք, հետամուտ լինենք, որ հանցագործներն իրենց պատիժները ստանան»,- նշեց Արտակ Բեգլարյանը:

armenpress.am

Back to top button
Close