Նորություններ

«Ալիևն իրեն ծուղակն է գցել. այնպիսի հայտարարություններ էր անում, որ հիմա իր համար բավական դժվար է լինելու դրանից հետ կանգնել». Միքայել Զոլյան

«Ի սկզբանե պարզ էր, որ այս հրադադարը կայուն չի լինելու, որովհետև Ադրբեջանը և Թուրքիան չէին հասել իրենց նպատակներին, և նրանց թվում էր, որ դեռ կարող են: Քանի որ նրանց նախնական ծրագիրը տապալվեց, և նրանց չհաջողվեց որևէ իրական հաջողություն ձեռք բերել, հիմա նրանք փորձում են զինադադարի խախտման միջոցով ինչ-որ ժամանակավոր հաջողություններ ձեռք բերեն: Ընդհանուր առմամբ մենք պետք է նաև պատրաստ լինենք նրան, որ կարող է լայնամասշտաբ պատերազմը շարունակվել»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանը:

«Հրադադարը կայուն կարող էր լինել այն դեպքում, երբ Ադրբեջանի և Թուրքիայի համար պատերազմը շարունակելու գինը չափազանց բարձր լինի, և դա կարող է նշանակել 2 բան. զուտ ռազմական առումով չափազանց բարձր, այսինքն՝ եթե մեր բանակը հակառակորդին այնպիսի կորուստներ հասցնի, որից հետո պատերազմը շարունակելը լինի անհնարին, և երկրորդ դեպքում խոսքը դիվանագիտությանն է վերաբերում: Հնարավոր է այնպիսի ճնշում լինի Թուրքիայի և Ադրբեջանի վրա, որից հետո պատերազմը շարունակելը դառնա չափազանց ռիսկային:

Առայժմ ես ավելի իրատեսական եմ համարում առաջին տարբերակը, որովհետև մեր զինված ուժերի ձեռքում է բանալին, բայց նաև ամբողջ ուժով աշխատում է նաև դիվանագիտությունը, որպեսզի այդ ճակատում ևս Ադրբեջանին և Թուրքիային պարտադրենք խաղաղություն: Այս պահին կարծում եմ, որ մեր քաղաքացիները պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացումների և չտրամադրվեն, որ այս հրադադարը կայուն է լինելու»,- հայտարարեց իմքայլական պատգամավորը:

Զոլյանի խոսքերով՝ քանի որ այս հրադադարը Ռուսաստանի նախաձեռնությունն էր, ապա հրադադարի տապալումը որոշակի խնդիր է նաև Ռուսաստանի և մյուս համանախագահների համար, որովհետև ի վերջո Ռուսաստանը և մյուս միջնորդները իրենց հեղինակությունն են դնում բանակցությունների սեղանին, որպեսզի հրադադարը կայանա:

«Ռուսաստանը և մյուս երկրները պետք է իրավիճակը գնահատեն և հասկանալով, թե ինչ վտանգ է սպառնում իրենց շահերի համար, արդեն գործողություններ կձեռնարկեն կամ չեն ձեռնարկի. դա արդեն իրենց պատասխանատվությունն է»,- շարունակեց նա:

Միքայել Զոլյանը, անդրադառնալով դիվանագիտական ճակատում իրականացվող աշխատանքներին, հայտարարեց.

«Այս փուլում մեր միջազգային գործընկերներին տեղեկատվություն ենք տալիս, թե ինչ է կատարվում. հրադադարի խախտումների մասին, ռազմական հանցագործությունների մասին, որոնք կատարել է Ադրբեջանը կամ ադրբեջանա-թուրքական կողմը: Այդ ամեն ինչի մասին մենք տեղյակ ենք պահում. սա նաև մեզ համար լուրջ փաստարկ է առ այն, որ անհրաժեշտ է Արցախի միջազգային ճանաչումը. այդ հանգամանքը որպես գործոն կզսպի թուրք-ադրբեջանական ագրեսիան:

Այստեղ խոսքը նրա մասին չէ, որ Հայաստանը պետք է միայն ճանաչի, քանի որ պարզ է, որ Հայաստանը այսպես թե այնպես Արցախը դիտարկում է որպես կայացած պետություն:

Միջազգային հանրության առջև պետք է դրվի ճանաչման խնդիր, և աշխարհի կարևոր խաղացողները այսօր պետք է որպես իրենց օրակարգի հարց ընդունեն Արցախի ճանաչման խնդիրը, այդ խնդիրը պետք է բարձրաձայնվի: Կարծում եմ, որ սա կդառնա զսպող գործոն թուրք-ադրբեջանական տանդեմի համար, բայց ամեն դեպքում իհարկե խաղաղություն հաստատելու գործում առաջնային նշանակություն ունի մեր բանակը, և դիվանագիտությունը այս փուլում կարող է օգնել մեր բանակին, և բանակի հաջողությունները հետագայում կարող են հիմք դառնալ դիվանագիտական հաջողությունների համար»:

Առաջնագծում մեր գրանցած հաջողությունները արդյո՞ք փոխեցին թուրք-ադրբեջանական տանդեմի հռետորաբանությունը, հարցին ի պատասխան պատգամավորը հայտարարեց.

«Առաջին օրերին Թուրքիան և Ադրբեջանը խոսում էին հարցը միանշանակ և ամբողջապես լուծելու մասին, այսինքն, ըստ էության, նրանք առավելապաշտական ծրագիր ունեին ընդհանրապես գրավել Արցախը: Հիմա ակնհայտ է, որ դա տապալվել է, անգամ որևէ էական հաջողություն չունեն, բայց այստեղ կարելի է նկատել, որ նրանց հռետորաբանությունը շարունակում է ագրեսիվ մնալ, որովհետև Ալիևն իրեն ծուղակն է գցել, այնպիսի հայտարարություններ էր անում, որ հիմա իր համար բավական դժվար է լինելու դրանից հետ կանգնել: Հսկայական ուժեր են մղված եղել մեր դեմ, և հսկայական կորուստներ է կրել հակառակորդը, և հիմա փոխել հռետորաբանությունը կնշանակի ընդունել պարտությունը: Ես կարծում եմ, որ հռետորաբանությունը որոշ ժամանակ կմնա արմատական, և որոշ ժամանակ է պետք, որպեսզի ռազմաճակատի իրողությունները թելադրեն նաև հռետորաբանության փոփոխություն»,- ընդգծեց Զոլյանը:

Իշխանական պատգամավորի խոսքերով՝ պատերազմին միշտ հաջորդում է զինադադարը, իսկ դրան հետևում են բանակցությունները.

«Մենք պետք է հասկանանք, որ սա սովորական էսկալացիա չէ, և սա, ըստ էության, այն մեծ պատերազմն է, որով Ադրբեջանը և Թուրքիան մեզ սպառնացել են տասնամյակների ընթացքում: Շատ բան է դրված խաղասեղանին, և իհարկե այսպիսի լուրջ, լայնածավալ գործողություններից հետո բանակցություններին վերադառնալը հեշտ չէ, և բավականին ժամանակ է պահանջվելու դրա համար, և դիվանագիտական լուրջ ջանքեր են պետք, որպեսզի բանակցությունները վերսկսվեն»:

 Անահիտ Չալիկյան

Back to top button
Close