Նորություններ

Ադրբեջանը կառավարվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարների կողմից․ Ալիևը Էրդողանի ծայրահեղական նպատակների իրագործման ճանապարհին գործիք է

«Հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո էլ Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել և թիրախավորել խաղաղ բնակչությանը։ Ճիշտ է՝ հրադադարը հումանիտար է, հստակ առանձին օրեր չեն նշվել դրա համար. նպատակը զոհերի և գերիների փոխանակումն է, բայց այս պահի դրությամբ փաստացի «Կարմիր խաչը» որևէ գործունեություն չի կարող իրականացնել, որովհետև Ադրբեջանը չի հարգում այն պայմանավորվածությունը, որը ձեռք է բերել: Ուստի ճանաչելով Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը և տեռորիստական պահվածքը, ես լավատես չեմ այդ հարցում»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Ես վստահ եմ, որ ադրբեջանական կողմի խախտումների վերաբերյալ որոշակի աշխատանք տարվում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից է եղել հայտարարություն, և Գերմանիայի ԱԳՆ հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի իր գործելաոճը, Գերմանիան կարող է վերանայել հարցի վերաբերյալ իր չեզոք դիրքորոշումը: Այսինքն՝ միջազգային մակարդակով Ադրբեջանի վրա ճնշումը առկա է, և դրա մասին անգամ երեկ ճեպազրույցի ժամանակ խոստովանեց Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, թե իբրև իրենք կարողանում են դիմակայել այդ ճնշմանը:

Միգուցե որոշակի հավելյալ ճնշումներից հետո Ադրբեջանը հասկանա, որ այլընտրանք չունի, քան հարգել ձեռք բերված պայմանավորվածությունը: Եվ վստահ եմ, որ համապատասխան օղակներով նրան այդ ուղերձը տեղ կհասցվի»,- ընդգծեց պատգամավորը:

Տաթևիկ Հայրապետյանի խոսքերով, միջազգային գործընկերներին փոխանցում են, որ եթե ուզում են կանգնեցնել Թուրքիային և Ադրբեջանին, ապա պետք է ճանաչել Արցախի անկախությունը և միջազգային անվտանգության երաշխիքներ տրամադրել, որոնք կարող են լինել զսպող գործոններ՝ տարածաշրջանում ահաբեկչական նկրտումների կանխելուն ուղղված:

«Մեր դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն, և պետք է ասեմ, որ մեր հիմնական ուղերձները տեղ են հասել՝ Ադրբեջանի ագրեսոր լինելու, Թուրքիայի ներգրավվածության, ահաբեկիչների առկայության և Արցախի անվտանգության մասին:

Տարածաշրջանի բոլոր երկրները հստակ հասկանում են, թե ինչ վտանգավոր զարգացումներով է հղի այս իրավիճակը, և այդ իրավիճակը զսպելու համար ակտիվ քայլեր են ձեռնարկվում: Հիմնականում թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպողը մեր բանակն է, բայց ընդհանուր առմամբ մյուս երկրների հստակ դիրքորոշումը և դատապարտումը իսկապես շատ կարևոր նշանակություն ունի մեր հաջողությունները ամրագրելու տեսանկյունից:

Ադրբեջանն այս փուլում փորձում է ավելի զգուշավոր լինել իր հայտարարություններում, բայց փաստացի Ադրբեջանը կառավարվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարների կողմից, և Ալիևն էլ ընդամենը դարձել է Էրդողանի ծայրահեղական նպատակների իրագործման ճանապարհին մի գործիք»,- եզրափակեց Հայրապետյանը:

Անահիտ Չալիկյան

 

 

 

Back to top button
Close