Նորություններ

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Կողմերը հաստատել են, որ հավատարիմ են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններին։

Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը հաստատել են, որ հավատարիմ են լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններին։։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Չնայած դրան նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ և ձախողել է:

Այսօր առավոտյան թշնամին նաև կրակի տակ է պահել Հադրութը։ Իսկ արցախյան կողմը, ինչպես և պայմանավորվել էին, ժամը 12։00–ին կրակի դադարեցման հրաման է տվել։

Back to top button
Close